Չի կարելի զբաղվել ֆետիշացմամբ
Պաշտոնական լրահոսում կարդում ենք․ «ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 28-ին «Teach for Armenia Դասավանդիր Հայաստան» կազմակերպության հետ համատեղ կայցելի Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղ:
Աննա Հակոբյանի գրասենյակից տեղեկացնում են, որ այցի շրջանակում վարչապետի տիկինը ներկա կգտնվի պարի, ուսուցման, նկարչության, կավագործության դասերին, կշփվի Մովսես գյուղի բնակիչների հետ: Այցի շրջանակում, հաշվի առնելով սահմանամերձ գյուղ այցելությունը, Աննա Հակոբյանը կմեկնի նաև մարտական դիրքեր՝ հանդիպելու դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ»: Կներեք էլի։ Երբեւէ Հայաստանի որեւէ նախկին ղեկավարի տիկնոջ այցերը նման կարգի լուսաբանվել են։ Կամ ինչ է նշանակում վարչապետի տիկինը կայցելի Մովսես գյուղ։ Իսկ այդ այցը պետական է, թե՝ պաշտոնական կամ աշխատանքային։ Ովքեր են կառավարության անդամներից լինելու Աննա Հակոբյանի շքախմբում։ Չի կարելի չէ։ Ի վերջո վարչապետի տիկին լինելը պետական պաշտոն չէ, այլապես կարելի է հարցը դնել հանրաքվեի այն լուծարելու համար, որպես ծախսատար անարդյունավետ պաշտոն։ Սա արդեն նույնիսկ լուրջ չի կարելի ընդունել։ Կամ ինչ է նշանակում, վարչապետի տիկինը շփվելու է գյուղի բնակիչների հետ։ Միանգամից Կիմ Չեն Ընյան ոճով փառաբանող տեքստերն էլ կարելի էր գրել ու փոխանցել գյուղի բնակիչներին, որ անգիր սովորեն ու հանկարծ ուրիշ բաներ չխոսեն։ Դեռ լավ է, որ երեխաներին չեն ստիպում արտասանել՝ «Շնորհակալություն Նիկոլ Փաշինյանին մեր երջանիկ մանկության համար»։