Չի բացառվում, որ Արայիկ Հարությունյանն ամեն դեպքում հրաժեշտ տա ԿԳՄՍ նախարարի պաշտոնին


ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարցը, թեեւ պաշտոնապես չի էլ դրվել շրջանառության մեջ, սակայն զարգացումները ցույց են տալիս, որ վերջինիս գործողությունները կապված Հայոց լեզու, Հայ գրականություն եւ Հայոց պատմություն առարկաների դուրս մղման, Մելի մասին ֆիլմի նկարահանման համաֆինանսավորման իրականացման հետ կապված բավական լուրջ խնդիրներ է ստեղծել գործող իշխանությունների համար հատկապես Սփյուռքում։ Մասնավորապես, ՀՅԴ-ի հետ արդեն կա որոշակի խնդիր, իսկ համահայկական նշանակություն ունեցող ամենահին կուսակցության հետ խնդիրը, որը Սփյուռքում ունի լուրջ դերակատարություն, չի կարող լինել Նիկոլ Փաշինյանի օգտին։ Բանն այն է, որ ինչքան էլ գործող իշխանությունները փորձեն բացատրել ու հիմնավորել իրենց գործողությունները, այնուհանդերձ, հատկապես հայագիտական առարկաների մասով Սփյուռքում կա լուրջ տարակուսանք եւ զայրույթ, քանի որ խոսքն ուղղակիորեն առնչվում է հայապահպանությանն ու ազգապահպանությանը, որի հետ կապված հանձնառություններ ունի նաեւ Հայաստանը որպես համայն հայության հայրենիք եւ պետություն։ Թերեւս սրանով պետք է բացատրել այն հանգամանքը, որ Արայիկ Հարությունյանը վերջին շրջանում Եվրոպայից պարզապես տուն չի գալիս, ու փորձում է տարբեր հանդիպումների ընթացքում կառավարության կրթական նոր քաղաքականությունը հասցնել Սփյուռքին։ Նիկոլ Փաշինյանի համար այս իրավիճակը կարող է լինել բավականին տհաճ, քանի որ Սփյուռքում վարկանիշի անկմանը ի հետեւանք, կսկսի ֆինանսական հոսքերի կրճատումը սփյուռքյան ներկա եւ պոտենցիալ ներդրողներից ու համահայկական կառույցներից։ Իսկ դա լուրջ հարված կլինի, քանի որ հայտնի խոսք կա, թե մարդուն հարվածելու համար, հարվածիր գրպանին։ Իշխանական կուլուարներում արդեն սկսում են քննարկել այն հարցը, թե արդյոք Արայիկ Հարությունյանին ի վերջո «կզոհաբերի» եւ երբ, եթե որոշում կայացնի, որ Սփյուռքի հետ հարաբերությունները շատ ավելի կարեւոր են, քան Արայիկ Հարությունյանը։ Ի դեպ վերջին շրջանում մամուլում նույնիսկ սկսել են շրջանառվել անուններ, թե ովքեր են սկսել աչք դնել Արայիկ Հարությունյանի նախարարական պորտֆելի վրա։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )