Չինացի պաշտոնյաները դիտարկում են TikTok-ի՝ ԱՄՆ-ում գործունեությունը վերահսկելու հնարավորությունը փոխանցել Մասկին
Չինացի պաշտոնյաները դիտարկում են TikTok-ի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործունեությունը վերահսկելու հնարավորությունը փոխանցել Իլոն Մասկին:
Այս մասին հայտնել են Bloomberg գործակալության աղբյուրները:
Պեկինի համար առաջնահերթ սցենարն այն է, որ TikTok-ը մնա իր մայր ընկերության՝ ByteDance-ի սեփականության ներքո։ Այնուամենայնիվ, քանի որ մոտենում է սոցիալական հարթակի վաճառքի վերջնաժամկետը, չինացի պաշտոնյաները սկսել են քննարկել գործողությունների ծրագրերը, որոնցից մեկը ներառում է ընկերության ամերիկյան գործառնությունները Մասկին վաճառելը:
Չինական ByteDance ընկերությունը կամ պետք է վաճառի սոցիալական ցանցը, կամ դադարեցնի իր գործունեությունն ԱՄՆ-ում մինչև հունվարի 19-ը։ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Կոնգրեսի կողմից 2024 թվականին ընդունված օրենքը՝ համապատասխան դրույթներով։
Դեկտեմբերի վերջին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դատավորներին խնդրել էր կասեցնել օրենքի դրույթները։ Ավելի վաղ TikTok-ի ղեկավարությունը դիմել էր նաև Գերագույն դատարան՝ կասեցնելու օրենքը, ըստ որի՝ սոցիալական ցանցը կարող է արգելվել ԱՄՆ-ում։