Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել վերադառնալ նորմալ առևտրային հարաբերություններին

Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի «զրոյական գումարով խաղից» և վերադառնա բազմակողմ առևտրային համակարգի ճիշտ ուղու վրա։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՉԺՀ-ի առևտրի նախարարությունը, հայտնում է РИА Новости-ն։
«Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին հրաժարվել «զրոյական գումարով խաղի» մտածելակերպից, փոխել իր սխալ գործելաոճը, վերադառնալ բազմակողմ առևտրային համակարգի ճիշտ ուղուն և լուծել համապատասխան մտահոգությունները այլ երկրների հետ հավասար խորհրդակցությունների միջոցով»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի մատակարարումների համար 25% մաքսատուրքերի սահմանմանը, որը Չինաստանի առևտրի նախարարությունն անվանել է «միակողմանիության և պրոտեկցիոնիզմի բնորոշ դրսևորում»։
Երկուշաբթի օրը համապատասխան հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։