Չենք ուզում մանկապարտեզի վարիչի դեր ստանձնել

«Մեր հիմնական բացթողումը տարիներ շարունակ եղել է այն, որ նախարարության ուսերի վրա դրվել են իր ուժերից վեր սոցիալական գործառույթներ, հիմա աստիճանաբար գնալու ենք ամբողջական մասնագիտացման ճանապարհով, այսինքն՝ պետական միջոցներով մշակութային միջոցառումներ, ծրագրեր կարող են իրականացնել պրոֆեսիոնալ կազմակերպությունները, անձինք։ Մենք պետք է կարողանանք բեռնաթափել մշակույթը հենց սիրողական սոցիալական աջակցությունից»,- ասում է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ում համար մշակութային քաղաքականությունը գրեթե նույնական է տեղեկատվական քաղաքականության հետ․ «Եթե մենք չենք մշակելու տեղեկատվական քաղաքականություն, եւ մեկանգամյա միջոցառումների կյանքը չի շարունակվելու տեղեկատվական դաշտում, մենք խնդիրներ ենք ունենալու։ Այսինքն՝ մենք նաեւ տեղեկատվական ռազմավարությունների նախարարություն պետք է լինենք, նվազագույնս միջամտենք ստեղծագործական պրոցեսներին, բայց հստակ ունենանք նաեւ մեր չափանիշները, թե պետական միջոցներն ինչ միջոցառումների վրա են ուղղվել»։
Այդ նպատակով նախարարությունը դրամաշնորհային մրցույթների չափանիշներն ու պայմաններն է խստացրել՝ մոտավորապես հասկանալու եւ կանխատեսելու մշակութային վերջնարդյունքը, որի վրա ծախսվելու են գումարները, բայց դա չի նշանակելու վերահսկողություն կամ միջամտություն։ «Մենք տեղեկատվության սահմանափակման եւ միջամտության իրավունք ունենք ոչ չափահասների շրջանում, բայց եթե գործ ունենք գիտակից, հասուն, չափահաս արվեստագետների հետ, այստեղ շատ տարօրինակ կլինի, որ պետությունը փորձի արվեստագետի ձեռքը բռնել եւ ուղղություն ցույց տալ»,- ասում է նա ու նկատում, որ չեն կարող եւ չեն ուզում մանկապարտեզի վարիչի դեր ստանձնել։
Խզմալյանն ընդգծում է՝ մինչեւ հստակ չձեւակերպվեն խնդիրները, խոսել բարեփոխումների, ոլորտը կարգավորելու մասին՝ անիմաստ է․ «Պետք է հասկանանք, թե որ ռեսուրսը որ ոլորտում ենք դնում, ինչ մասնագետների հետ ենք աշխատում, ում հետ ենք համագործակցում, միջազգային ինչ կազմակերպությունների ենք ընդգրկում։ Կյանքը գնում է մի ուղղությամբ, իսկ պետական, մշակութային կառույցները մնում են այն տրամաբանության մեջ, ինչ եղել են 30 տարի առաջ։ Հեղափոխություն պետք է նաեւ մշակույթի ոլորտում, մենք խնդիր ունենք պետական ոչ առեւտրային կառույցների մոդելի արդիականացման, նաեւ դրանք տեղեկատվական դաշտում դիրքավորելու առումով։ Խնդիր կա մասնագիտական կադրերի վերապատրաստման, խաղացանկային քաղաքականության մեջ։ Բազմաթիվ ներկայացումներ են բեմադրվում, որոնց արձագանքը հանրային կյանքի ու պահանջների վրա շատ կասկածելի է։ Դրանք չեն ստեղծում հավելյալ արժեքներ, դրանք լինում են մեկանգամյա շատ կարճ կյանք ունեցող ներկայացումներ, միջոցառումներ։ Մեր խնդիրն է, որ դրանք առավելագույնս տեղավորենք մեկ տրամաբանության մեջ, ոչ թե բերենք ձեւերը դնենք մեկ տրամաբանության մեջ, այլ քաղաքականությունը պետք է լինի միասնական եւ համընդհանուր»։
Մշակութային հեղափոխությունը չի կարող վերաբերել միայն պետական գերատեսչությանը։ Ըստ Խզմալյանի, այն սկիզբ է առնում նախեւառաջ ստեղծագործողների մտածողության հեղափոխությունից, այլ կերպ ասած՝ մշակութային հեղափոխության առաջին պատասխանատուները բուն ստեղծագործողներն են, ոչ թե պետական գերատեսչությունը։ Ինչ վերաբերում է պետական քաղաքականությանը, ապա․ «Մենք գնալով ավելի ենք ազատականացնում ոլորտը եւ ուղղակի միջամտություն ստեղծագործողի աշխատանքին չպետք է ունենանք։ Մենք գնալու ենք էմոցիոնալ կրթության ճանապարհով․ դասական երաժշտությունը, դասական պոեզիան տարբեր ծրագրերի միջոցով էմոցիոնալ, գեղարվեստական ձեւերով դպրոցականներին ներկայացնելու, որովհետեւ, եթե ուզում ենք ունենալ մշակութային «շուկա», այսօր պետք է սկսենք պատրաստել այդ շուկան։ Իսկ այդ շուկան ձեւավորելը հնարավոր է միայն կրթության ճանապարհով»։
ԿԳՄՍ նախարարությունում հաջորդ տարվանից կգործի նպաստների սկզբունքը, դա այն է, որ բացի պետական կառույցներից, հասարակական կազմակերպություններից, որոնք դիմում են նախարարություն՝ դրամաշնորհային ծրագրերի մասնակցելու համար, անհատ ստեղծագործողները նույնպես կկարողանան դիմել նախարարությանը եւ նպաստի սկզբունքով մեկնել այս կամ այն փառատոն՝ վարպետության դասի, մրցույթի։ Բայց մինչեւ նպաստը տրամադրելը, պետությունը նախեւառաջ կազմելու է ամեն մի ոլորտի, այսպես ասած, «մենյուն»՝ այն փառատոների, մրցույթների ցանկը, որոնք, մասնագետների գնահատմամբ, պրոֆեսիոնալ հարթակներ են, եւ արժե, որ մեր արվեստագետները մասնակցեն դրանց։
Նախարարությունների միավորման արդյունքում եղել են նաեւ կրճատումներ, որոնց թվին Խզմալյանը չի տիրապետում, բայց կարծում է՝ հարցին, թե ինչպիսի արդյունք կտա նախարարությունների միավորումը, ոչ ոք չի կարող կանխատեսել, սակայն միավորման օգտակարությունն արդեն մի քանի ուղղությամբ նկատում են, մասնավորապես այն, որ յուրաքանչյուր մշակութային նախաձեռնության մեջ փորձում են գտնել դրա կրթական բաղադրիչը եւ ամենօրյա աշխատանքի մեջ սինխրոնիզացնում են կրթական եւ մշակութային ծրագրերը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )