ՈՒՍՈՒՑԻՉ ՉԶԲԱՂՎԵԼ ՊՈԼԻՏԻԿԱ

Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը երեկ անսպասելի հանդես եկավ կոչով․

«…Մենք՝ գլխիկոր, մենք՝ տապալված, մենք՝ դավաճանված: Իսկ Դուք դեռ կաք, Դուք՝ բոլոր չուղղված սխալների, բոլոր սխալ որոշումների, բոլոր սխալ շրջադարձերի միակ հասցեատերը, Դուք դեռ կաք ու որոշել եք մնալ, մնալ՝ մեր ավերակ հաղթանակների բուրգին կանգնած, որպեսզի հերթական սանձարձակ մարտահրավերը նետեք ու Ամանորի գիշերը բիրտ դեմքով հնչեցնեք՝ Արցախի հպարտ հայություն…

Մենք՝ իրական հայերս՝ ճշմարիտ քրիստոնյաներս, մեր ժամացույցներն ուղղում ենք հայ առաքելական եկեղեցու զանգերով, մեր հոգու, մեր կյանքի ժամացույցները»։
Արդյոք կհետեւե՞ն մայրաքաղաքի այլ դպրոցների տնօրենները Գայանե Սարուխանյանի կոչին։ Պարզվեց՝ չեն միանա։ Թե ինչու, ապա բոլոր տնօրենները նույնն են ասում՝ դպրոցը չի կարող քաղաքականացվել։ Իսկ երբ ընտրական գործընթացներում ակտիվորեն մասնակցում էին, չէին հայտարարում, թե չի կարելի դպրոցը քաղաքականացնել։ Երբ ամեն մի նախարարի հետ կուսակցական պատկանելություն էին փոխում, կրկին չէին հիշում, որ դպրոցը պետք է ապաքաղաքական լինի։

Պուշկինի անվան դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Իմ կարծիքով՝ դպրոցը պետք է լինի ապաքաղաքական»։ Նկատեցինք, որ Հայաստանում երբեք դպրոցը ապաքաղաքական չի եղել, հիշենք ոչ վաղ անցյալը՝ նախորդ իշխանություններին։ Պուշկինի անվան դպրոցի տնօրենն ասաց․ «Կարող եմ ասել իմ համար։ Իմ մոտեցումների ու գործունեության վերաբերյալ կարող եմ պատասխան տալ։ 2013 թվականից նշանակվել եմ, կուսակցական չեմ եղել, դպրոցում երբեւէ քաղաքական որեւիցե դիրքորոշում չեմ արտահայտել եւ չեմ էլ պատրաստվում։ Դա պառակտում է մտցնում դպրոցի կոլեկտիվի մեջ»։ Ամեն դեպքում, տնօրենն ասում է՝ ուսուցիչների իրավունքն է՝ ցանկության դեպքում աշխատանքից հետո մասնակցել բողոքի ակցիաների կամ ցույցերի։

Գեւորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի փոխտնօրենից, Հրանտ Մաթեւոսյանի անվան թիվ 96 հիմնական դպրոցի, Միսաք Մեծարենցի անվան թիվ 146, Գուրգեն Մահարու անվան թիվ 176 եւ այլ դպրոցների տնօրեններից նույն պատասխանը ստացանք՝ մի փոքր այլ ձեւակերպումներով։ Գեւորգ Էմինի անունը կրող ավագ դպրոցի փոխտնօրեն Արմինե Մարտիրոսյանն ասաց․ «Ես ապաքաղաքական անձ եմ, ինձ չի հետաքրքրում, ես քաղաքագետ չեմ, որ դրանով զբաղվեմ։ Եվ ինձանով կամ իմ ձայնով չի որոշվում, կան ավելի պատկան մարմիններ եւ ավելի գիտակից մասնագետներ, ովքեր կարող են իրատեսական էդ ամեն ինչին ե՛ւ պատասխանել, ե՛ւ լուծում տալ»։

Հրանտ Մաթեւոսյանի անվան թիվ 96 դպրոցի տնօրեն Էլմիրա Ղարիբյան․ «Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ուսուցիչները մի քիչ քաղաքականությունից հեռու մնան, զբաղվեն իրենց բուն գործով։ Որպես շարքային քաղաքացի՝ շատ բաներ կան, մենք էլ ենք դժգոհ, իրավիճակը մեզ էլ է շատ հուզում, բայց ինձ թվում է, որ ավելի խելամիտ կլինի, եթե ուսուցիչներն իրենց բուն գործով զբաղվեն»։

Նկատենք, որ ոչ ոք չի արգելում ուսուցիչներին ու տնօրեններին զբաղվել քաղաքականությամբ կամ քաղաքական հայտարարություններ անել, պարզապես նրանք միշտ իշխանությունների կողքին են եւ երբեք իշխանությունների քաղաքական գծին հակասող հայտարարություններ չեն անում, դիրքորոշում չեն հայտնում եւ իրենց սաներին էլ որպես քաղաքացի չեն դաստիարակում, այլ երիտասարդ սերնդի մոտ կոտրում են քննադատական միտքն ու իշխանություն ունեցողների նկատմամբ անհամարձակություն եւ վախ ներշնչում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )