Ում հանգիստ չեն տալիս ԶՊՄԿ-ի հետ կնքված սթրիմինգային պայմանագրերը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (Zangezur Copper Molybdenum Combine CJSC) Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունն է: Կոմբինատը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը։

2016-2017 թվականներին Ընկերությունը ուներ Եվրոպական բանկերի կոնսորցումի կողմից ստացված 150 մլն․ ԱՄՆ դոլար վարկային պարտավորություն դրա մարման խիստ պարտավորություններով: Նշվածը փաստացի առաջացրել էր Ընկերության կորպորատիվ, հանքարդյունաբերության ոլորտի և գների տատանման հետևանքով ճգնաժամային իրավիճակ:

Հենց այդ ժամանակահատվածում կքնվում են սթրիմինգային պայմանագրեր ԶՊՄԿ-ի կողմից և Ընկերությունը ստանում է միանվագ խոշոր կանխավճար, որի վերաբերյալ շուրջ երկու տարի առաջ անդրադարձ էր կատարել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշելով․ «Բազմադրվագ քրեական գործ էր քննվում, կոնկրետ ԶՊՄԿ-ին առնչվող դրվագը կազմված է 2016-17 թվականներին կնքված սթրիմինգային պայմանագրերի հետ… որոշումն անցել է տնօրենների խորհրդով, բաժնետերերն են տեսել պայմանագրերը, բայց քրեական օրենսգրքի 205 հոդվածի իմաստով՝ սուբյեկտ հանդիսանում է տնօրենը…»:

Փաստորեն տևական ժամանակ անց կրկին անդրադարձ է կատարվում նույն այդ պայմանագրերին և դրանք այլևս դիտարկվում են ամբողջությամբ այլ մեղադրանքի տեսանկյունից, տարբեր անձինք են կալանավորվում, այդ թվում գործարարներ Կարեն Հակոբյանը, Նարեկ Ամբարյանը:

Առանձին պետք է անդրադառնալ, որ փաստացի գործ ունեն նույն արարքի համար կրկնակի հետապնդման սկզբունքի կոպտագույն խախտման հետ: Պարզապես այս պահին պետք է նկատել, որ սթրիմինգային պայմանագիրը իրենից որևէ բարդ կամ քողարկված գործարք չի ենթադրում: Սթրիմինգային ֆինանսավորումը համարվում է շատ ավելի ճկուն և քիչ ոիսկային ցանկացած ընկերության համար, քանի որ այն չի նախատեսում ոչ գույքի, ոչ բաժնետոմսերի գրավադրում, ինչպես նաև այլ երաշխիքներ, որոնք անհրաժեշտ պայման են բանկային ռեսուրսներ ներգրավելու համար։ Տվյալ դեպքում կքնվել էր նման պայմանագիր, պայմանով, որ ԶՊՄԿ տարեկան արտադրանքի միայն 5%-ին է այն վերաբերում, իսկ մնացած ամբողջ արտադրանքը վաճառվել է շուկայական գներով առանց որևէ սահմանափակման:

Սթրիմինգային պայմանագրերի համաձայն Գնորդը ԶՄՊԿ-ին  է տրամադրել միանվագ անհրաժեշտ կանխավճար:

Ինչպես ժամանակին իրավացիորեն նշվել է նաև ՊԵԿ Նախագահի կողմից, նման գործարքների համար անհրաժեշտ է լինում բաժնետերերի համաձայնությունը: Այսպիսով, ԶՊՄԿ սթրիմինգային գործարքը առաջին հերթին համաձայնեցվել և թույլատրվել է հենց Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գրանցված և տարբեր երկրներում գործունեություն ծավալող ՔՐՈՆԻՄԵՏ ընկերությունների խմբի կողմից, քանի որ դա համարվել է այդ ժամանակ միակ լավագույն լուծումը ԶՊՄԿ համար ելնելով փաստացի ճգնաժամային իրավիճակից։ Միաժամանակ սթրիմինգային գործարքների վաղաժամկետ դադարեցումը կրկին համաձայնեցվել է և չէր կարող չհամաձայնեցվել ԶՊՄԿ հիմնական բաժնետիրոջ հետ ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գրանցված ՔՐՈՆԻՄԵՏ ընկերությունների խմբի հետ, որն այդ ողջ ժամանակահատվածում ԶՊՄԿ 75% բաժնեմասի բաժնետերն էր։ Մինչդեռ ակնհայտ է, որ նման ծավալի խնդրի պայմաններում առաջին հերթին հենց այդ կողմից պետք է լիներ հայտարարություն կամ գնահատական, սակայն այն առհասարակ բացակայում է:

Հետևաբար պարզ չէ առհասարակ ով է սույն գործով տուժողը, եթե հիմնական որոշիչ դերակատարում ունեցող բաժնետերը չի տուժել, ավելին հենց իր փաստացի որոշմամբ և/կամ համաձայնությամբ է կնքվել և այնուհետև դադարեցվել խնդրո առարկա պայմանագիրը:

Share This