Որտեղի՞ց Փաշինյանը գիտի, որ Սերժի վրա կա 4 միլիարդանոց գործ․Տիգրան Քոչարյան
Համեմատած նախորդ խորհրդարանների, այսօր ունենք ամենաանգրագետ, մարդկային գիտելիքներից զուրկ խորհրդարան, որը բավականին ծանր է նստում մեր պետբյուջեի վրա, քանի որ պատգամավորներն անընդհատ գործուղումների մեջ են,-Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի մեկ տարվա աշխատանքներին:
Մեդիափորձագետի դիտարկմամբ՝ լավ է, որ արդեն մեկ տարի անցել է այս խորհրդարանի ձևավորումից, քանի որ արդեն այսօր կարելի է սահմանադրորեն տրված իրավունքով բարձրաձայնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը:
«Հանրապետություն» կուսակցության անդամ Թեհմինա Վարդանյանը համակարծիք է Տիգրան Քոչարյանի հետ, և լրացնելով Քոչարյանի խոսքը, նա նշել է, որ իշխանության ներկայացուցիչների կողմից հարգանքի պակաս կա թե՛ ԱԺ-ի, թե՛ ավագանու նիստերի հանդեպ. «Երբ հասցնում եմ նայել ԱԺ-ի նիստերը, հաճախ եմ նկատում, որ «Իմ Քայլը»-ից շատ պատգամավորներ բացակայում են նիստերից և իրենցից շատերն էլ պարզապես դակիչներ են, որոնք դակում են բոլոր այն օրենքները, որոնք գալիս են խորհրդարան»:
Խոսելով խորհրդարանի ընդդիմության գործառույթներից՝ Թեհմինա Վարդանյանը նշում է, որ, թերևս, ընդդիմության ներկայացուցիչներն են, որ իրենց տեղում են և դա նաև տեսնում է հասարակությունը, մինչդեռ Տիգրան Քոչարյանի խոսքով՝ այսօր ԱԺ-ում չկա այն ընդդիմությունը, որն իրականում պետք է լիներ այնտեղ:
«Քաղաքացիական պայմանագրի» նախկին անդամ, դասախոս Արթուր Համբարձումյանի կարծիքով՝ ԱԺ-ն չի իրականացնում տեսական ու սահմանադրական գործառույթներ, և, որ ամենակարևորն է՝ չի վերահսկում կառավարության գործունեությունը. «Ես մի անգամ ասել եմ, եթե ԱԺ-ն փակեն ու Հայաստանում քաբաբնոց բացեն, Հայաստանի քաղաքական կյանքում ոչինչ չիր փոխվի»:
Դիտարկմանը՝ ինչպե՞ս կարող է ոչինչ չփոխվել, եթե խորհրդարանում որոշումներ են կայացնում, Արթուր Համբարձումյանն ասել է, որ որոշումներ կայացնում են կառավարությունում, ոչ թե ԱԺ-ում, մինչդեռ պետք է լիներ հակառակը:
Անդրադառնալով «Նոր Հայաստանում» կոռուպցիային ու դրա դեմ պայքարին՝ «Քաղաքացիական պայմանագրի» նախկին անդամն ասել է, որ ԿԳՄՍ փոխնախարարի վերաբերյալ վերջին բացահայտված կոռուպցիան շատ փոքր է այն բոլոր կոռուպցիաների մեջ, որն իրականում այսօր կա Հայաստանում:
Համբարձումյանի կարծիքով՝ չի կարելի խոսել նախկինների իրականացրած կոռուպցիոն գործարքներից, երբ այս իշխանությունը ևս կոռուպցիայի մեջ է:
Տիգրան Քոչարյանն էլ իր հերթին նորից հիշեցրել է «ԿամԱԶ»-ների շուրջ բարձրացված մեծ աղմուկն ու ընդգծել՝ ինչպես այս իշխանության շատ անդամներ հրաժարվեցին իրենց ընկերոջից, երբ բացահայտվեց փոխնախարարի անվան հետ կապվող վերջին կոռուպցիոն գործարքը: