Ով էր հարձակվել ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի վրա. դատախազի անգործության հետևանքը.

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, հանրային գործիչ Անի Սամսոնյանին ամիսներ շարունակ մի տղամարդ է հետապնդել, պոռնոգրաֆիկ նյութեր ուղարկել, գիշերները զանգել է և բացահայտ սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձած փաստերը արդեն հասել են ՀՀ գլխավոր դատախազություն և կարող են վերաճել միջազգային իրավական համագործակցություն պահանջող քրեական վարույթի։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեռ մեկ ամիս առաջ Անի Սամսոնյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ նշելով, որ 2025 թվականի հուլիսից ի վեր ենթադրաբար ենթարկվում է համակարգված հետապնդման Աղջնակ Թովմասյան անունով անձի կողմից։

Դիմումատուի փոխանցմամբ՝ նույն անձը ներկայանում է տարբեր անուններով՝ «Vaxinak», «Vaxo Tovmasyan», «Vahe Avetisyan», «Vaxo Vahe»։ Ըստ Սամսոնյանի՝ իրեն հասանելի տեղեկություններով, տվյալ անձը հանդիսանում է Նիդերլանդների Թագավորության քաղաքացի։

Ենթադրյալ հետապնդողը բազմիցս այցելել է իր աշխատավայր և բնակության վայր, հետևել է իրեն հանրային տարածքներում, կատարել է բազմաթիվ հեռախոսազանգեր, այդ թվում՝ ուշ գիշերային ժամերին։ Նշվում է նաև, որ ուղարկվել են սպառնալիք պարունակող հաղորդագրություններ և պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր՝ ներառյալ բացահայտ լուսանկարներ։

Վերջին օգտագործված հեռախոսահամարը, որով, ըստ հաղորդման, կապ է հաստատվել, եղել է +374 91 527994։

Իրավապահներին ներկայացվել է նաև տվյալ անձի լուսանկարը՝ նույնականացման նպատակով։

Դատախազությունը շուրջ մեկ ամիս որևէ բան չի արել։ Իսկ արդեն փետրվարի 18-ին տվյալ անձը ներխուժել է Անի Սամսոնյանի աշխատասենյակ, կրկին սպառնալիքներ հնչեցրել, փորձել է հարձակվել Սամսոնյանի վրա, վերջինս էլ ինքնապաշտպանվել է։Դատախազության պատասխանատվության գոտում

Ներկայացված փաստերի պարագայում խոսքը կարող է վերաբերել ոչ միայն հետապնդման և սպառնալիքների, այլև անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման և պոռնոգրաֆիկ նյութերի ապօրինի տարածման հնարավոր հանցակազմերին։

Հատկանշական է նաև, որ, ըստ դիմումատուի, թիրախը կին հանրային գործիչ է։ Սա լրացուցիչ պարտավորություն է դնում իրավապահների վրա՝ բացառելու սեռով պայմանավորված ճնշման կամ վախեցման որևէ դրսևորում և ապահովելու գործի օբյեկտիվ, արագ և թափանցիկ քննություն։

Գործի զարգացումը կարող է ցույց տալ՝ արդյոք իրավական համակարգը պատրաստ է արդյունավետ արձագանքել սահմանանցանց հետապնդման, կիբերհարձակման և հնարավոր միջպետական բնույթի գործերին, թե այն կմնա հերթական չպարզաբանված պատմությունների շարքում։

«Ժողովուրդ» օրաթերթը կհետևի դատախազության արձագանքին և պատրաստ է հրապարակել նաև հակառակ կողմի դիրքորոշումը»։

Share This