Շվեյցարիան Հայաստանին կաջակցի գյուղատնտեսական համակարգի արդիականացման հարցում

Շվեյցարիան 2021 թվականի դեկտեմբերի 3-ին մեկնարկում է երկարաժամկետ զարգացման նախագիծ՝ աջակցելու Հայաստանին գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության համակարգի արդիականացմանն ուղղված ջանքերին:

«Շվեյցարական զարգացման համագործակցության գործակալությունը սկզբունքորեն հաստատել է Հայաստանին 7’130’000 շվեյցարական ֆրանկ ընդհանուր գումարով աջակցության նախագիծը: Նախագիծն իրականացվում է համագործակցության եզակի դաշինքի միջոցով, որում ընգրկված են զարգացման ոլորտի միջազգային և տեղական դերակատարներ, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածներ, որոնք կմոբիլիզացնեն նաև լրացուցիչ միջոցներ: Բարեփոխումը կիրականացնեն շվեյցարական բողոքական եկեղեցիների օգնության հիմնադրամ (HEKS) ՀԿ-ն, հայկական «Ռազմավարական Զարգացման Գործակալություն»  (ՌԶԳ) ՀԿ-ն, ինչպես նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ Հայաստանի կառավարության ընդհանուր համակարգմամբ»,-  նշված է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ ծրագիրը կօգնի Հայաստանի կառավարությանը բարեփոխել մասնագիտական կրթությունը գյուղատնտեսության ոլորտում և այն համապատասխանեցնել շուկայի պահանջներին, ինչն էլ ավելի կնպաստի տնտեսական զարգացմանը և ավելի արժանապատիվ աշխատատեղերի ստեղծմանը: Նախագծի նպատակն է բարելավել գյուղական վայրերում ապրող երիտասարդների զբաղվածության հնարավորությունները՝ մի շարք մասնագիտությունների գծով տեսական գիտելիքները գործնական պարապմունքների հետ համատեղելու միջոցով:

Բարեփոխումների մաս է կազմում այն, որ ուսանողները, մասնագիտական կրթության հաստատություններում տեսական գիտելիքներ ստանալու հետ մեկտեղ, հնարավորություն են ստանում կատարելագործել իրենց հմտությունները տեղական ընկերություններում և ֆերմերային տնտեսություններում: Նրանց ուսումնական ուղին կամփոփվի պետական նմուշի դիպլոմների ստացմամբ։

Նախագիծը մեկնարկում է 2021 թվականի դեկտեմբերի 3-ին՝ 9 ամիս տևողությամբ նախապատրաստական փուլով, որին կհաջորդի իրականացման փուլը և այն կտևի առնվազն 8 տարի։ Այս ամենի համար շվեյցարական միջոցներն, ընդհանուր առմամբ, կազմում են 7’130’000 CHF շվեյցարական ֆրանկ:

Ծրագրի ազդեցությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Շվեյցարիան համագործակցում է գործընկերների լայն շրջանակի հետ, ինչպիսիք են Հայաստանի կառավարությունը, միջազգային կազմակերպությունները, պետական և մասնավոր հատվածները և ակադեմիական հաստատությունները: Ֆինանսավորող մյուս գործընկերները, որոնք զգալի միջոցներ են ավելացնում Շվեյցարիայի ներդրմանը, ներառում են Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունը (BMZ), Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Հայկական Իզմիրիլյան հիմնադրամը և հայաստանյան այլ մասնավոր ընկերություններ։ Այս ներդրումներից որոշները ենթակա են վերջնական հաստատման:

Նախագիծը կիրականացվի Սյունիքի հարավային շրջաններում և Վայոց Ձորում, ինչպես նաև Հայաստանի հյուսիսային հատված մի շարք շրջաններում։

Իրականացնող կազմակերպություններն են շվեյցարական բողոքական եկեղեցիների օգնության հիմնադրամ (HEKS) ՀԿ-ն, հայկական «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն, ինչպես նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)։

Նախագիծը կյանքի է կոչում Շվեյցարիայի արտաքին քաղաքականության և զարգացման համագործակցության սկզբունքներն ու նպատակները: Շվեյցարիան աջակցում է Հայաստանի դեպի շուկայական տնտեսության անցմանը և իր ներդրումն է ունենում երկրի բնակչության կողմից ներառական տնտեսական զարգացումից օգուտների ստացման ապահովման գործում։ Նախագիծը կիրականացվի գյուղական վայրերում տնտեսական զարգացման և դուալ կրթության համակարգի վերաբերյալ Շվեյցարիայի տեխնիկական փորձի կիրառմամբ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )