Նվիրատվության դիմաց շինթույլտվություն տալը պետք է օրենսդրական առումով ամրագրել

Իմքայլականները ոչ մի կերպ չեն ցանկանում ընդունել իրենց «նշանակած» քաղաքապետի՝ Հայկ Մարությանի սխալները եւ կոռուպցիա տեսնել նրա իրականացրած գործարքներում։ Առհասարակ, այս իշխանությունը կարծես զուրկ է սեփական սխալները նկատելու, գիտակցելու եւ խոստովանելու ունակությունից։ Նրանք նախկիններից էլ ավելի խրոխտ պաշտպանում են միմյանց՝ մի սանտիմետր անգամ չզիջելով։ Դրա համար էլ բացարձակ անտարբեր են ձախողված պաշտոնյաների հրաժարականի պահանջներին՝ ասես ոչինչ էլ չի եղել։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հրաժարական տալիս են միայն ինքնակամ, այն մարդիկ, ովքեր զզվել ու հոգնել են պոպուլիզմից, ներթիմային խարդավանքներից ու ապաշնորհ կառավարումից։ Երեկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր հերթին համարեց, որ Հայկ Մարությանի՝ շինթույլտվություններ «ԿամԱԶ»-ների դիմաց գործարքներում որեւէ անօրինական բան չկա, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ իր հերթին։ Ի դեպ, հետաքրքիր է, որ երկուսն էլ խուսափեցին պատասխանել «ԿամԱԶ»-ների նվիրատուներից Սամվել Ալեքսանյանի եւ նրան պատկանող «Ալեքս հոլդինգի» կապի մասին հարցին։ Հարցը նրբորեն շրջանցեցին՝ խնդրելով դա ուղղել քաղաքապետին։ Երեւի իրենց համար էլ է զավեշտալի, որ Հայկ Մարությանը կապ չի հայտնաբերել։
«Գիտե՞ք, խնդիրը հենց այն է, որ փորձում ենք էստեղ սուբյեկտիվության տեսանկյունից ինչ-որ ճշմարտություններ փնտրել։ Հարցը հետեւյալում է․ ինչ է ուզում անել այսօր քաղաքապետարանը եւ քաղաքապետ Հայկ Մարությանը՝ փորձում է ներմուծել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքը, որը կիրառելի է աշխարհի տարբեր երկրներում եւ իր մեջ կարող է ներառել մի շարք բաղադրիչներ։ Օրինակ՝ կարող է ներառել բնապահպանական տեսանկյունից բարենպաստ ներդրումներ, կարող է ներառել կամավորական աշխատանք, նաեւ կարող է ներառել նվիրատվություններ։ Եվ ես վստահ եմ, որ քաղաքապետարանը եւ Հայկ Մարությանն առաջնորդվել են բացառապես Երեւան քաղաքի եւ երեւանցիների շահերով»,- մեզ հետ զրույցում այսպիսի գիտական բացատրություն տվեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )