Նուռը կարող է դանդաղեցնել օրգանիզմի ծերացումը
Նուռն օգտակար է ո՛չ միայն այն պատճառով, որ օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամիններ եւ հանքանյութեր է պարունակում, այլեւ կարող է դանդաղեցնել օրգանիզմի ծերացումը: Վերջերս դա ապացուցել են Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի շվեյցարացի գիտնականները:
Չնայած երկար ժամանակ նուռը համարվում էր ծերացումը դանդաղեցնող լավագույն մրգերից, մինչեւ վերջերս որեւէ լուրջ գիտական հաստատում չկար: Իսկ որոշ հետազոտությունների արդյունքներ նույնիսկ թույլ էին տալիս ենթադրել, որ խոսքն այդ միրգն արտադրողների անբարեխիղճ գովազդի մասին է: Սակայն այժմ շվեյցարացի գիտնականներին, այնուամենայնիվ, հաջողվել է ապացուցել, որ նռան օգուտի մասին բոլոր պնդումներն իրականությանը համապատասխանում են:
Նրանց հաջողվել է նռան մեջ հայտնաբերել նյութ, որը փոխակերպվում է աղիների միկրոբների ներգործությամբ եւ մկանային բջիջներին հնարավորություն տալիս պաշտպանվել ծերացման գլխավոր պատճառներից: Այս արդյունավետությունը լիովին հաստատվել է նեմատոդների (կլոր որդերի) եւ կրծողների վրա կատարված փորձերով: Մարդկանց մասնակցությամբ կլինիկական հետազոտություններ դեռեւս չեն կատարվել, բայց գիտնականները ծրագրում են մոտ ապագայում իրականացնել:
Ծերացմանը զուգահեռ՝ մեր բջիջներն ավելի մեծ դժվարությամբ են մաքրում իրենց «էներգակայանները»` միտոքոնդրիումները: Արդյունքում նրանք կորցնում են բջիջներն էներգիայով սնուցելու իրենց առանցքային գործառույթի իրականացման ընդունակությունը: Նման դեգրադացիա է նկատվում շատ հյուսվածքներում՝ ներառյալ նաեւ մկանային, որոնք աստիճանաբար թուլանում են: Գիտնականների խոսքով՝ չգործող միտոքոնդրիումների կուտակումը դերակատարում ունի շատ հիվանդությունների առաջացման ժամանակ, ինչպես, օրինակ, Պարկինսոնի հիվանդության:
Շվեյցարացի գիտնականներին հաջողվել է հայտնաբերել այն մոլեկուլը՝ ուրոլիտին A, որը վերականգնում է բջջային միտոքոնդրիումների ինքնամաքրման ընդունակությունը: Դրա օգտագործումը բջջային որդերի շարքում կյանքի տեւողությունը 45 տոկոսով մեծացրել է: Մոլեկուլը տարեց մկներին ներարկելուց հետո վազքանիվի մեջ վարժությունների սպորտային ցուցանիշները 42 տոկոսով աճել են:
Սակայն դեռեւս չարժե նուռ գնելու համար խանութ շտապել. միրգը ոչ թե հենց մոլեկուլն է պարունակում, այլ նրա պրեկուրսորը: Ուրոլիտին A-ն մեր աղիներում է հայտնվում` տեղական բակտերիաների ազդեցությամբ, բայց նրա քանակը կախված է աղիների միկրոբիոմից: Որոշ մարդկանց օրգանիզմում այս մոլեկուլն ընդհանրապես չի արտադրվում, եթե անգամ նրանք կիլոգրամներով նուռ են ուտում: