Նոր մանրամասներ՝ Ապարանի «Գնթունիք» սուպերմարկետում՝ աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ապարանի «Գնթունիք» սուպերմարկետում՝ աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վիրավորի եղբայրը՝ Հմայակ Մ.-ն, սպանվել էր 2022 թվականին՝ Արագածոտնի մարզում՝ Նիգավանում հայտնի կրակոցների ժամանակ, իսկ Հմայակ Մ.-ն ծառայում էր ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում:

Արդյոք «Գնթունիք»-ում, հետո «Նիգ» գործարանի մոտ տեղի ունեցած վիճաբանությունը կապ ունի նշված դեպքի հետ՝ որպես վարկած ուսումնասիրվում է թե՛ ոստիկանների, թե՛ քննիչների կողմից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 14-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ մի քաղաքացի «որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ապարանի ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Հայկ Մ․-ն է, ով նշված մարմնական վնասվածքը ստացել էր Ապարան քաղաքի «Նիգ» գործարանի մոտակայքում՝ անհայտ անձի կողմից դանակով հարվածներ հասցնելու հետևանքով:

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Share This