Նոր Հայաստանում ընդունված օրենքները
կլրանա յոթերորդ գումարման ԱԺ գործունեության մեկ տարին։
Ի՞նչ գնահատական կարելի է տալ մեկ տարվա գործունեությանը, թողնենք յուրաքանչյուրիդ, մի բան փաստ է՝ այն հեռու է հեղափոխական կոչվելուց, եթե չասենք՝ ճիշտ հակառակը։ Նորերը շարունակում են հին ավանդույթը, ու տասնամյակների քննադատությունը, որ խորհրդարանները չեն աշխատում, այլ պարզապես կառավարության դակիչն են, մեր օրերում էլ արդիական է։ Պատգամավորների թվի 27-ով ավելացումը նույնպես որակական արդյունքի չբերեց։ Այսօրվա իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մինչ հեղափոխությունը եւ հեղափոխության օրերին մեղադրում էր նախկիններին Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի «հագով կարելու», օրենքներն անձերին հարմարեցնելու մեջ, մեկ տարվա մեջ, սակայն, որեւէ փորձ չարվեց հրաժարվելու Սերժ Սարգսյանի համար «կարված կոստյումից»։ Պարզվեց՝ այն նաեւ Նիկոլ Փաշինյանի «վրայով» է, եղածին ավելացան նորերը՝ արդեն հեղափոխականների «հագով»։ Որոնք են մեկ տարվա ընթացքում ընդունված այն հիշարժան օրենքները, եւ որքանով են դրանք փոխում ՀՀ շարքային քաղաքացու կյանքը, դիտարկենք միասին։ Այսպիսով՝ ամենահեղափոխական օրենքը, որն ընդունվեց ի պատիվ թավշյա հեղափոխության, ապրիլի վերջին շաբաթ օրը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր սահմանելու մասին է։ «Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռի հայոց պատմության մեջ նոր էջ բացած Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիների կողմից իրականացված համաժողովրդական շարժման առիթով սահմանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»,- պաշտոնապես հիմնավորել էր կառավարությունը։ Խորհրդարանն ընդունեց նաեւ «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենք, որի հեղինակներն են ԱԺ փոխնախագահներ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը։ Օրենքն աջակցություն է սահմանում 10 զոհերի իրավահաջորդներին եւ այն անձանց, որոնք մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով ստացել են ծանր կամ միջին ծանրության մարմնական վնասվածք, զոհերի իրավահաջորդներին՝ 30 միլիոն դրամի չափով։
Օրենքն արդեն ուժի մեջ է մտել եւ հարուցել սոցիալական այլ խմբերի, մասնավորապես, զոհված զինծառայողների մայրերի զայրույթը։ Նրանք պարբերաբար բողոքի ցույցեր են անում կառավարության դիմաց եւ պահանջում նաեւ իրենց փոխհատուցել։ Մյուս աղմկահարույց օրենքն էլ «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրենքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններն էին, որոնց արդյունքում նախարարությունների թիվը 17-ից հասցրին 12-ի: Լուծարեցին սփյուռքի նախարարությունը, որոշ նախարարություններ միավորեցին, վերաձեւեցին, հրաժարվեցին առաջին փոխվարչապետի պաշտոնից, գործընթացի անունը դրեցին օպտիմալացում, պետական միջոցների խնայում։ Նախկինում Փաշինյանը շատ էր թմբկահարում, որ պետական հիմնարկներում ավելորդ ձրիակերներ են, այն արհեստական ուռճացված է, սակայն շուրջ մեկ տարի է անցել, ու այդպես էլ պարզ չէ, թե որքան աշխատող է կրճատվել, որքան տնտեսում է արվել։ Պաշտոնապես կոնկրետ թիվ չեն հրապարակում՝ ասելով, թե գործընթացը դեռ չի ավարտվել։