«Նոայի» նոր կառուցվող մասնաշենքում կայացավ առաջին հանդիպումը
Հայաստանի մեդիա ներկայացուցիչները «Նոա» ֆուտբոլային ակումբի հրավերով ժամանել էին «Նոայի» ակադեմիա՝ շրջայցի։
Ակումբի զարգացման տնօրեն Աննա Օհանյանը և գործառնական տնօրեն Գուրգեն Օհանյանը ներկայացրին միջազգային խորհրդատվական անձնակազմի աշխատանքները, որոնք մեծ փորձ ունեն բարձրակարգ ենթակառուցվածքների կառավարման ոլորտում։ Նրանք ընդգծեցին ենթակառուցվածքների կարևորությունը «Նոայի», ինչպես նաև հայկական ֆուտբոլի զարգացման գործում՝ կարևորելով լրագրողական համայնքին ընթացիկ աշխատանքներին ծանոթացնելու անհրաժեշտությունը։
Շրջայցի ընթացքում ներկայացվեցին առաջին թիմի գերժամանակակից հանդերձարանը, նոր ու ժամանակակից խաղադաշտերի կառուցման ընթացքը, առկա խաղադաշտերի սպասարկման պայմանները, նոր ձեռքբերված տեխնիկան, որը նախատեսված է մարզադաշտերի խնամքի համար, ինչպես նաև «Phillips» ապրանքանիշի լուսավորության համակարգերը։
Հյուրերը շրջեցին և ներսից հետևեցին նոր կառուցվող մասնաշենքի շինարարությանը, որը նախատեսված է գլխավոր թիմի համար և ապահովված կլինի բոլոր անհրաժեշտ հարմարություններով։
Մեդիայի ներկայացուցիչները բացառիկ հնարավորություն ունեցան հետևելու գլխավոր թիմի մարզմանը, որի ավարտից հետո «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան ակադեմիայի նոր կառուցվող մասնաշենքում հանդիպեց լրագրողների հետ՝ հարցուպատասխանի ձևաչափով։
Պորտուգալացի մասնագետը նշեց, որ շատ երջանիկ է Հայաստանում։ Ֆուտբոլիստները, մարզչական անձնակազմը և աշխատակազմը, ովքեր աշխատում են ակումբում, անում են ամեն ինչ թիմի հաջողության համար։
Հարցին, թե ինչու է ընդունել «Նոայի» հրավերը և տեղափոխվել Հայաստան, Մոտան ընդգծեց, որ հավատացել է ակումբի նախագահին, որը նրան մոտիվացրել է։ Եվ եթե մի քանի տարի անց նրան կրկին ուղղեն այս հարցը, նույն պատասխանը կտա։