Նշվել են արտասովոր ախտանշաններ ձեռքերին, որոնք ահազանգում են քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկի մասին
Բժշկական մասնագետների կարծիքով՝ երկու պակաս հայտնի ախտանշաններ՝ կապված ձեր ձեռքերի հետ, կարող են լինել քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկի նշանները Մեծ Բրիտանիայում, գրել է Surrey Live-ը, փոխանցում է news.am-ը։
Այդ բնորոշ ախտանշաները կարող են լինել թոքերի քաղցկեղի վաղ նախազգուշացում, որը ճանաչվել է քաղցկեղից մահացության հիմնական պատճառը երկրում։ Cancer Research UK-ի տվյալներով՝ ամեն տարի նրան բաժին է ընկնում մոտ 34 800 մահ, ինչը կազմում է քաղցկեղի հետ կապված բոլոր մահացու դեպքերի 21 տոկոսը։
Թոքերի քաղցկեղից մահացության բարձր մակարդակը հաճախ բացատրվում է դրա ուշ հայտնաբերմամբ։ Հիվանդությունը հազվադեպ է ինչ-որ նշաններով դրսեւորվում սկզբնական փուլերում, ուստի հաճախ մնում է չախտորոշված այնքան ժամանակ, մինչեւ որ սկսում է խորանալ։
Թոքերի քաղցկեղ ունեցող որոշ մարդիկ կարող են ունենալ մատների եւ եղունգների այտուցներ, ինչպես նաեւ հոդերի ցավ ու փքվածություն։ Այդ վիճակը հայտնի է որպես հիպերտրոֆիկ թոքային օսթեոարթրոպատիա (ՀՏՕԱ)։ ՀՏՕԱ-ի բնորոշ ախտանշաններից մեկը ծռմռված մատներն են, բայց դա նաեւ կարող է հանգեցնել մատների եւ դաստակների ուռչելուն։
«Ամենից հաճախ այդ հիվանդությունն առաջ է բերում դաստակների եւ կոճերի ոսկորների եւ հոդերի բորբոքում։ Տարածված եւս մեկ ախտանշան է մատների ծռությունը»,- բացատրել են փորձագետները։
Մեծ Բրիտանիայի ազգային առողջապահության համակարգը նախազգուշացնում է, որ թոքերի քաղցկեղի վաղ փուլերում «սովորաբար նշաններ եւ ախտանշաններ չեն լինում», բայց այդ հիվանդությունն ունեցող շատ մարդկանց մոտ ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս հետեւյալ ախտանշանները.
մշտական հազ,
հազ արյան ուղեկցությամբ,
մշտական հեւոց,
անբացատրելի հոգնածություն եւ քաշի կորուստ,
ցավ կամ տհաճ զգացողություններ շնչելիս կամ հազ։