Նիկոլ Փաշինյանի պահվածքը, <<Հայկական Ժամանակի>>գովքը և «Secolo d’Italia» պարբերականի ապտակը
Վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը Իտալիա լայն քննարկումների առարկա դարձավ: Նշվում է, որ առանց հստակ քաղաքական օրակարգի երեք օր տևած պաշտոնական այցը, բացի պետական բյուջեի վրա թանկ նստելուց, այլ բանի հանգեցնել չի կարող:
Չենք կարող մոռանալ նաև այն միջադեպերը, որոնք տեղի ունեցան Նիկոլ Փաշինյանի և տեղի հայ համայնքի, ինչպես նաև իտալացի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ:
Հայաստանից մեկնող պաշտոնական պատվիրակության կազմում ընդգրկվել էին նաև տեղական մամուլի ներկայացուցիչներ, այդ թվում նաև` «Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը:
Թերթում այցը ամփոփող` «ՀՀ վարչապետի Իտալիա այցի ուշագրավ դրվագները, Իտալիայի վարչապետի հարբուխն ու Սենատի նախագահի ուշացումը (լուսանկարներ)» հոդված հրապարակվեց, որտեղ հեղինակը պատմում էր Իտալիա այցի մասին:
Զարմանալի է, որ հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում հայ գիտնականի կոչը` ուղղված Նիկոլ Փաշինյանին, վրիպել է լրագրողի ուշադրությունից, և վերջինս չի ներառել դա իր հետաքրքիր դիպվածների շարքում:
Հայկական իշխանական թերթի լրագրողը հպարտությամբ նշում էր, թե ինչպես է պահել իրեն Նիկոլ Փաշինյանը Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ հանդիպման ընթացքում: Լրագրողը հպարտությամբ է նշում, որ Սենատի նախագահի 5 րոպե ուշացմանը Նիկոլ Փաշինյանը պատասխանել է «յուրահատուկ» ոճով. «մինչ Սենատի նախագահը կժամաներ՝ ՀՀ վարչապետը մոտեցավ հայելուն ու սկսեց մազերն ուղղել: Նա դա շարունակեց անել նույնիսկ այն ժամանակ, երբ Կազելատին արդեն եկել էր ու սպասում էր իրեն: Սենատի նախագահի արարողակարգի աշխատակիցը անհուսորեն փորձում էր զգուշացնել, որ Կազելատին ժամանել է», – նշում է լրագրողը:Չնայած «Հայկական Ժամանակի» խմբագրությունում կարծում են, որայս դիպվածը որևէ կերպ չի ազդել հանդիպման ասելիքի վրա և «հանդիպումն ավարտվեց նախատեսվածի պես»:
Հետաքրքիր է, որ իտալական պարբերականը այդ կարծիքին չէ: «Սենատի նախագահ Էլիզաբետ Կազելատին, իրոք, ընդունել էր բարձրաստիճան հյուրին: Բայց վերջինս հինգ րոպե ուշացել էր: Աներևակայելի հայը, ցուցադրաբար, մոտեցել էր սպասասրահի հայելուն և նրա առջև մազերն էր ուղղում: Շարունակելով դա անել նույնիսկ այն բանից հետո, երբ նրան նախազգուշացնում են, որ նախագահը ժամանել է: Բայց դրանով ամեն ինչ չի ավարտվում: ՀՀ վարչապետը, Կազելատիի ձեռքը չսեղմելով, նրանից առաջ է ընկնում՝ թողնելով նրան ապշահար վիճակում»,– գրում է պարբերականը: Թերթը շարունակում է. «Նա շարունակեց դա անել նույնիսկ այն ժամանակ, երբ Կազելատին արդեն ժամանել էր և սպասում էր իրեն: Արարողակարգի աշխատակիցը հուսահատորեն փորձում էր նախազգուշացնել նրան Կազելատիի ժամանման մասին»:
Պարզ է, որ իտալական կողմին «գրիլլիոական» Նիկոլ Փաշինյանի այս վերաբերմունքը վիրավորել է, և թերթը հստակ արձանագրում է, որ «այն պահից, երբ կարմիրներն ու դեղինններն են կառավարությունում, Իտալիայի հետ արտասահմանում այլևս հաշվի չեն նստում»:
Խոսելով բացառապես ոչ քաղաքական իրադարձությունների մասին, «Հայկական Ժամանակի» լրագրողը իր հոդվածի միայն վերջում է խոսում հայ-իտալական համագործակցության մասին. «ՀՀ վարչապետը արդյունավետ գնահատեց այցը՝ ընդգծելով, որ շատ հետաքրքիր էր լսել որոշ հարցերում Իտալիայի նման պետության փորձի մասին: Եթե հաշվի առնենք, որ գործարարների ու հայ համայնքի հետ հանդիպումներում ձեռք բերվեցին Հայաստանում ներդրումներ իրականացնելու վերաբերյալ բազմաթիվ պայմանավորվածություններ, ապա Իտալիա այցը արդյունավետ գնահատելը չափազանցված չի լինի:»:
Սակայն, հաշվի առնելով, որ նախկինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի երկարաժամկետ այցերով հասցրել է լինել տարբեր երկրներում և բազմաթիվ պայմանավորվածություններ ձեռք բերել, սակայն դրանցից հետո որևէ գործնական փոփոխություն երկկողմ հարաբերություններում, կամ առնվազն Հայաստանի տնտեսական կյանքում տեղի չի ունեցել: Ապացույցը վարչապետի և նրա տիկնոջ` սեպտեմբերի 21-26-ը ԱՄՆ կատարած այցն է և օգտակար գործողության գործակցի շատ ցածր լինելն է։
Հարկ է նշել նաև, որ Նիկոլ Փաշինյանի նմանատիպ պահվածքը բացասաբար է ազդում Հայաստանի միջազգային վարկի վրա, ինչը, սակայն, Փաշինյանին, չի մտահոգում։ Հարկ է, որ Նիկոլ Փաշինյանը պետությունների բարձրաստիճան անձանց հետ հանդիպումների ժամանակ պատշաճ հետևի ընդունված արարողակարգին, արարողակարգային ծառայությունից ստանա, ընդունի, սովորի տարրական վարվելակերպի կանոնները և չխախտի դրանք՝ անձնական փառասիրությունից դրդված: Այլապես պետական բարձրաստիճան անձանց հետ հանդիպումների նման ձախողումները կարող են և հաստատապես կազդեն Հայաստանի միջազգային հեղինակության և երկկողմ հարաբերությունների զարգացման վրա: