Նիկոլ Փաշինյանի դավաճանական իշխանությունը շարունակում է երիտթուրքերի քաղաքականությունը՝ կալանավորումը դարձնելով հայրենիքի հանձնման մի մաս․ Տարոն Ղազարյան
Այժմ ականատես ենք լինում, թե ինչպես է մեր հայրենիքի ողնաշարը օր օրի մասնատվում, անվտանգային ճգնաժամի պարագայում՝ հայրենիքը պաշտպանած, մեծ հեղինակություն ունեցող անձանց կալանքի տակ պահելը դառնում է հայրենիքի հանձնման ծրագրի մի մասը։ Այս մասին Բարձրագույն դատական խորհրդի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը։
«Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքականություն, որը 100 և ավելի տարիներ առաջ իրականցնում էին երիտթուրքերը՝ ձերբակալություններով։ Այս քաղաքականությունը ՀՀ-ում այօր շարունակում են Նիկոլ Փաշինյանի դավաճանական իշխանությունները, դատական համակարգում ունեցած կամակատարների միջոցով, Գագիկ Ջհանգիրյանի միջոցով, ով վաղուց արդեն պիտանելության ժամկետը կորցրել է, ով սահմանադրության խախտումներով եկավ և դարձավ ԲԴԽ նախագահ։ Մենք եկել ենք արձանագրելու, որ Նիկոլ Փաշինյանի կառուցած համակարգը փուչիկ է և պայթելու է անմիջապես Նիկոլ Փաշյանի ոտքերի տակ»,- մանրամասնեց նա։
ՀՅԴ ՀԵՄ անդամ Սևակ Նազարյան էլ ընդծեց, որ կալանավորումներով ներկա իշխանությունը՝ հանձին նաև Գագիկ Ջհանգիրյանի, փորձում է կոտրել դիմադրությունը, որը կա ներկայիս իշխանության դեմ։ Նա ընդգծեց, որ այսօր քաղաքական պատվերով կալանավորված են ինչպես «Հայաստան» խմբակցության 3 պատգամավորները, այնպես էլ Գորիսի քաղաքապետն ու նրա տեղակալը։
«Այս մարդիկ իրենց սրտի մի քանի դատավորներով փորձում են ստեղծել մի իրավիճակ, որ մարդիկ վախենան իրենց բողոքի ձայնը արտահայտել, ստեղծել մի իրավիճակ, երբ ՀՀ-ում անդադար զիջումների դեմ ընդվզող բազմահազար մեր քաղաքացիներին փորձում են կոտրել, վախեցնել դատարաններով, կալանավորումներով ստիպել փողոց դուրս չգալ և բողոքի ձայնը չարտահայտել։ Մենք արձանագրում ենք, որ չի ստացվելու այս ամենը, չի ստացվելու․ մենք մեր հայրենիքի տերն ենք, կորցնելու հայրենիք չունենք, չենք պատրաստվում վերջ դնել դիմադրությանը»,-ասաց նա։