Նիկոլ Փաշինյանը, հունվարի 1-ից առ այսօր, իր ֆեյսբուքյան էջում կատարել է մոտ 60 հրապարակում
Նիկոլ Փաշինյանը, հունվարի 1-ից առ այսօր, իր ֆեյսբուքյան էջում կատարել է մոտ 60 հրապարակում
Նման հաճախականությամբ հրապարակումներ չի անում անգամ ֆեյսբուքում պրոֆեսիոնալ բլոգինգով զբաղվողը։ Նույնիսկ թվեր է հրապարակում դիտումների մասին։ Նա կարդում է նամակներ, մեկնաբանություններ և արձագանքում դրանց։ Հարց՝․ կա՞ աշխարհում մեկ այլ երկրի ղեկավար (իհարկե, Նիկոլ Փաշինյանին մեծ վերապահումով կարելի է այդպես կոչել), ով այս աստիճան ակտիվ է որևէ սոցիալական ցանցում։ Իհարկե՝ ոչ։ Իսկ ինչու՞։ Մի՞թե նրանք չեն հասկանում սոցիալական ցանցերում ակտիվության կարևորությունը։ Անկասկած հասկանում են, սրանից էլ շատ։ Ուղղակի այդ մարդիկ այնքան ծանրաբեռնված են աշխատանքով, որ շատ դեպքերում նույնիսկ չեն կարող օգտվել սոցիալական ցանցերից։ Երկրի նորմալ ղեկավարի օրակարգը ամիսներ առաջ ժամ առ ժամ, նույնիսկ րոպե առ րոպե պլանավորված է՝ իր պարտականություններն արդյունավետ իրականացնելու համար։
Մի փոքր անդրադառնանք այդ հրապարակումների բովանդակությանը։ Դրանցից մեկում՝ Իջևանում ունեցած ելույթում նա հերթական անգամ նշում է, որ պետության շահը տնտեսական զարգացումն է։ Սրա դատարկաբանություններին հետևելը ծանր գործ է, բայց այնուամենայնիվ ասվածի մասով բերենք մի տպավորիչ ենթադրություն։ Պատկերացնենք՝ մենք ստեղծել ենք ծաղկուն Հայաստան, զարգացած երկիր, բարեկեցիկ ժողովուրդ։ Եվ ահա սահմանին հայտնվում է թշնամի երկրներից մեկից փնթի մի զինվոր՝ Մոսինի հրացանն ուսին։ Վերացավ քո բարեկեցությունն էլ, զարգացվածությունն էլ։ Վառ օրինակ է հանդիսանում Եվրոպան, որտեղ տասնամյակներ շարունակ կրճատվել են պաշտպանության ծախսերը՝ հօգուտ բարեկեցիկ և գեղեցիկ կյանքի։ Սակայն ռուս-ուկրաինական պատերազմից դասեր քաղելով՝ փոխվում է պաշտպանության և անվտանգության նկատմամբ վերաբերմունքը։ Նույնիսկ նախատեսվում է (կամ արդեն կա) պաշտպանության եվրակոմիսարի պաշտոն։
Մեկում էլ նշում է, որ մարդիկ այժմ ունեն հնարավորություն Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն մեկնել Հռոմ։ Եվ սա այդ խոսող գլուխը ներկայացնում է որպես ստեղծված հնարավորություն։ Կարո՞ղ է լինել, որ մեկ այլ ղեկավար, օրինակ Վրաստանի վարչապետը հայտարարի, որ իրենց քաղաքացիներն այժմ Քոբուլեթիում կամ Ուռեկիում հանգստանալու փոխարեն կարող են մեկնել այլ երկիր՝ միաժամանակ կոչ անելով արտասահմանցիներին գալ և իրենց հանգիստն անց կացնել այդ քաղաքներում։ Ջերմուկի մասին այդ քամահրանքն ունի նաև շատ խորը գնացող բովանդակություն։ Ավելի պարզ լինելու համար՝ այդ արտահայտությունը կարող եք դասել «Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք էր» արտահայտության շարքին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Սարսափելի էր նաև վերջին գրառումներից մեկը, որում անթաքույց սարկազմով և ատելությամբ խոսում է հայրենասիրության մասին։
Այժմ ամենակարևոր հարցը՝ իսկ ինչու՞ է Նիկոլ Փաշինյանն այս ամենն անում։ Սրա պատասխանը տրվեց իր զուգընկերուհի Աննայի հետ «Ընտանեկան փոթքասթ» կոչվող հաղորդման առաջին թողարկման ժամանակ։ Այդտեղ Աննան ասում է, որ իրեն հաճախ հարցնում են՝ այդքան անվտանգության աշխատակիցների, ծառայողական մեքենաների հետևից ինչպե՞ս եք կարողանում նկարել, տեսանյութեր հրապարակել։ Իսկ ինքն ասողներին պատասխանում է, որ իրենք 2018 թվականի նույն Աննան և Նիկոլն են, իրենց մոտ ոչինչ չի փոխվել։ Ահա այս ձևակերպման մեջ է թաքնված ապագա նախընտրական ռազմավարությունը, որին էլ ուղղված է ֆեյսբուքյան այդ աստիճան ակտիվությունը (ժողովրդավար, մշտապես ժողովրդի հետ լինելու պատրանքի ստեղծում)։
2018 թվականի համաժողովրդական բումի վրա նա եկավ իշխանության՝ տալով բազմաթիվ խոստումներ։ 2021 թվականի ընտրություններում, Արցախում պարտությունից հետո, նախընտրական ռազմավարությունը կառուցեց այն թեզի վրա, որ 2018 թվականին ժողովուրդն իրեն տվել է թավշյա մանդատ, դրա համար էլ չկարողացավ թալանածը հետ բերել։ Այժմ, եթե իրեն տան պողպատյա մանդատ, ապա ժողովրդից թալանածը կվերցնի և կտա ժողովրդին։ Իսկ այդ ամենի սիմվոլը դարձավ «բանտիկով չագուչը»։ Եվ տխմարության աստիճանի այս պրիմիտիվ թեզն աշխատեց։ Մեր ժողովրդի մի զգալի հատված դարձյալ հավատաց դրան և ընտրեց։ Արդյունքում կորցրեցինք Արցախը, Հայաստանի տարածքի մի մասը։
Այժմ էլ, ձախողելով բոլոր տված խոստումները, դարձյալ փորձում է առաջիկա ընտրությունները կառուցել սին խոստումների և զգացմունքների վրա՝ բարձրացնելով 2018 թվականի իշխանափոխության ժամանակ տիրած էմոցիանարի նկատմամբ նոստալգիկ զգացմունքներ, ժողովրդին ներշնչել, որ իրենք այն նույն Նիկոլն ու Աննան են, իրենցից մեկը, պարզ, հասարակ կյանքով ապրող մարդիկ՝ փորձելով այժմ էլ այս ալիքի վրա մնալ իշխանության, բայց այս անգամ թույլ չենք տալու, և դա անելու ենք միասին։
ՀԱՊ կուսակցություն