Ներկայացված մեղադրանքը որևէ կապ չունի 10 զոհերի մահվան բացահայտման հետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պահանջով նրա իրավունքների պաշտպանության հանձնախումբ է ստեղծվել։ Այս մասին երեկ՝ դեկտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց հանձնախմբի համակարգող, ԱԺ նախկին պատգամավոր, նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանը։
«Որոշ ժամանակ առաջ հասարակական, քաղաքական, մշակույթի, մարզաշխարհի շուրջ հարյուր գործիչ հանդես եկան ի պաշտպանություն նախագահ Քոչարյանի հայտարարությամբ։ Նրանք իշխանությանը կոչ էին անում վեր կանգնել անձնական շահերից, ընդունել սեփական նախապաշարումների անճշտությունը Մարտի 1-ի գործի առնչությամբ, վերջ տալ համակարգի ճնշումներին։ Նրանք նաեւ հույս էին հայտնում, որ նախագահ Քոչարյանի ազատ արձակումը հասարակական համերաշխության ազդակ կդառնա»,- նշեց Աղվան Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ այդ հայտարարության տակ այսօր արդեն մոտ 60 հազար քաղաքացու ստորագրություն կա։
Վարդանյանի խոսքով՝ չնայած այս ամենին, Քոչարյանի խափանման միջոցի հարցում իշխանության դիրքորոշման մեջ փոփոխություն չկա:«Շարունակվում է նույն անհեռանկար գործելաոճը։ Այսօր էլ մեր հանրային կյանքի լարվածության պատճառներից մեկը Մարտի 1-ի գործի շուրջ ընթացող զարգացումներն են, ՀՀ երկրորդ նախագահին ոչ իրավական եղանակով կալանքի տակ պահելը։ Ակնհայտ է՝ ներկայացված մեղադրանքը որեւէ կապ չունի 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման հետ»,- ասաց Վարդանյանը։
Նախկին պատգամավորը շեշտեց, որ հայկական երկու պետությունների կայացման գործում էական ներդրում ունեցող Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելն անպատիվ գործ է, չի բխում պետության շահերից, ընդհակառակը՝ վնասում է պետությանը, խարխլում դատական համակարգը։
Վարդանյանը երկրորդ նախագահի գործով դատական պրոցեսների երկարաժամկետությունն անթույլատրելի է համարում։ «Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, եւ նրա փաստաբանական խումբն իր գործը կատարում է, բայց երբ որեւէ գործընթաց երկար է տեւում, դառնում է սովորական, մարդիկ համակերպվում են, անտարբեր են դառնում, մոռացվում է բուն խնդրի էությունը։ Սա չի կարելի թույլ տալ։ Երկրորդ նախագահին կալանքի տակ պահելը ոչ մեկին պատիվ չի բերում, սա նաեւ մեր պետության ամոթն է»,- պնդեց Վարդանյանը։ Նորաստեղծ հանձնախմբի համակարգողն անդրադարձավ նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին։
«Քիչ թե շատ մտածող քաղաքացին պետք է ինքն իրեն հարց տա՝ ինչի՞ համար է սա արվում, ի՞նչ է սա տալիս պետությանն ու հասարակությանը: Մեր խնդիրն է՝ մտածել տալ այս հարցերի մասին: Մտածող մարդկանց նաեւ ուղղորդել, որ դիրքորոշում ու կեցվածք ունենան, քաղաքացիական պահվածք ունենան»,- ասաց Վարդանյանը։