Նա երբեւէ Սերժ Սարգսյանի ընկերը չի եղել․ Էդուարդ Շարմազանովը՝ Խաչատուր Սուքիասյանի մասին
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է․
«Քիչ առաջ հնագույն օլիգարխներից մեկը (դե Նիկոլի օրոք արդեն խոշոր սեփականատեր է դարձել) թերեւս որոշել է «հեղափոխությունից» հետո ինքն էլ հետ չմնալ ու քննադատել Սերժ Սարգսյանին՝ նշելով, թե վերջինս ոչ միայն վատ ղեկավար է, այլ նաեւ վատ ընկեր:
Սերժ Սարգսյանի քաղաքական գործնեությանը բազմիցս անդրադարձել եմ, դեռ կանդրադառնամ: Այս պահին ընդամենը մի բան. ինչ-որ մեկի ընկեր լինելու մասին կարող են խոսել նրանք, ովքեր վերջինիս ընկերներն են:
Հայտնի փաստ է, որ Սերժ Սարգսյանը թե մանկության, թե ուսանողական, թե մարտական եւ թե կուսակցական ընկերների հետ ընտանիքներով է ընկերություն անում՝ անկախ իր ընկերների սոցիալական դիրքից եւ գրպանի պարունակությունից, քաղաքական իրավիճակից:
Թեեւ սույն անձը հեղափոխությունից առաջ պատմում էր, թե ինչպիսի բարիդրացիական հարաբերություններ ունի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, բայց նա երբեւէ Սերժ Սարգսյանի ընկերը չի եղել: Ժողովուրդն ասում է՝ մի մտիր մատի ու մատանու արանքը:
Օ Ժամանակներ, օ բարքեր: O tempora, o mores!»։