Նապոլեոնի գլխարկի պատմությունը և վարչապետի դիմադրություն ջարդելը

Պետական համակարգը պետության ողնաշարն է և պետք է հասկանալ, որ ողջ մարմինը՝ պետությունը, ծանրացած է ողնաշարի վրա։ Այսօր կառավարության նիստին ՀՀ վարչապետ, պետական համակարգի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ուղղակի ինքնասպանության բեմականացված փորձ էր․
«Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և այդ դիմադրությունը ջարդելու եմ»։
Հիմա եկեք հասկանանք, թե ինչ բան է պետական կառավարման համակարգը։ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 159-րդ հոդվածը սահմանում է, որ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը և լիազորությունները սահմանվում են օրենքով: Եթե հեղափոխություն է եղել ու պետական կառավարման համակարգում փոխվել են ընդամենը անձերը՝ համակարգային խողովակները մնացել են նույնը, ուրեմն պիտի Փաշինյանը համակերպվի, որ եթե ինքը տեղովը մեկ «կրակ էլ դառնա», այլևս չի կարող ժանգոտած ջրատար խողովակից պահանջել մաքուր, անարատ ջուր։ Խողովակները, համակարգը պիտի փոխվեր։ Եթե ինչ որ տեղից կաթում, ջուր է արտահոսում, ոչ մեկից չպետք է նեղանալ, այլ պիտի ընդունել փաստը, որ հին խողովակներն օգտագործելով, ավելի լավ վիճակ չես կարող պահանջել։ Դա է պատճառը, որ անհամոզիչ է հնչում ՀՀ վարչապետի խոսքերը՝ կջարդեմ, կփռեմ, կծեփեմ․․․ Ոչինչ էլ չի փոխվի ու պատճառը գլոբալ առումով դա է։ Փոխվել են համակարգը սպասարկող մարդիկ, բայց չեն փոխվել համակարգային խողովակները, նախկին կադրերին նկատի չունենաք։ Դրանք սողանցքներն են, որտեղից կաթիլ- կաթիլ քամում են մեղրը։
Շատ հաճախ եմ լսում պետական համակարգի ղեկավարի «փրփրաբաշ բառերը՝ ջարդել փշրելու մասով և հիշում եմ Նապոլեոն Բոնապարտի մի պատմությունը։ Ինչքան փնտրեցի, չգտա, ինքնակենսագրականում եմ կարդացել։ Կպատմեմ հիշողությանս մեջ տպավորված լինելու չափով։ Նապոլեոնը շատ ահեղ էր բարկանում, երբ իր գեներալների, զորավարների հետ հանդիպում էր։ Իր շքեղ գլխարկը վերջում նետում էր գետնին՝ փոշու մեջ, որը մեծ ազդեցություն էր գործում․․․ Հետագայում պարզվել է, որ այդ գլխարկը իսկականը չէր, այն գործածում էր նման պահերի համար։ Հիմա Նիկոլ Փաշինյանի խոսքերն ու Նապոլեոնի գլխարկի պատմությունը ոնց թե իրար շատ նման են․․․ Պահված խոսքեր, ասֆալտին փռելու, պատերին ծեփելու, ջարդել- փշրելու մասին, որոնք օգտագործվում են ամեն պատեհ առիթի, բայց գործ չեն դառնում։ Ընդհակառակը, պետական կառավարման պաշտոնյաներին ի տես ժողովրդի՝ ծեփում է պատերին, բայց ընդհատակյա պայմաններում աշխատավարձերը կրկնակի դարձնում, հավելավճարներն էլ մանանայի պես թափում նրանց գլխին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )