Մոսկվայի բնակիչները կկարողանան մասնակցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետագա փորձարկումներին
Մոսկվայի յուրաքանչյուր բնակիչ կարող է մասնակցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներին: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
«Ծրագրին մասնակցելու մասին հայտ կարող է թողնել յուրաքանչյուր մոսկվայաբնակ: Սա ուսումնասիրությունների երրորդ փուլն է, և կարևոր է, որ այն անցնի քաղաքացիական շրջանառության մեջ դրվելուն զուգահեռ»,- ասվում է քաղաքապետի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութի հետազոտություններն իրականացվում են ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական կենտրոնի կողմից՝ ՌԴ «Ուղիղ ներդրումներ» հիմնադրամի աջակցությամբ:
Ռուսաստանում համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 970 865 մարդ, որից 786 150-ն ապաքինվել են, 16 683-ը՝ մահացել:
Կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին գրանցված պատվաստանյութի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր օգոստոսի 11-ին:
