Մխիթար Հայրապետյանն Արայիկ Հարությունյանին դաս տվեց

Եթե ՀՅԴ-ական երիտասարդները երեկ ներկա լինեին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստին, իմքայլական Մխիթար Հայրապետյանից կսովորեին, թե ինչպես պետք է միտինգ անել Արայիկ Հարությունյանի դեմ, որպեսզի նա հասկանա իր խոսքի ու գործի անհեթեթությունները։ Երեկ ավելի քան 2 ժամ սույն հանձնաժողովում նախարարը խոսում էր, բայց այդպես էլ չէր հասկացվում, թե ինչ է ուզում ասել՝ ինչին է կողմ, ինչին՝ դեմ։ Քննարկման առարկան «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթն էր։ Հիշեցնենք․ օրեր առաջ «Հանրակրթության մասին» օրենքի՝ նախարարության առաջարկները նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը հանձնաժողովում տապալել էր։
Այս փաթեթը ներկայացրել էին խորհրդարանական երեք խմբակցությունները համատեղ՝ Մխիթար Հայրապետյանի նախաձեռնությամբ եւ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի ու ԼՀԿ-ական Հարություն Բաբայանի համահեղինակությամբ։ Գործող օրենքի պահանջի համաձայն՝ 2017-2018 ուստարվանից նախնական եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում հիմնական կրթության հիմքով ընդունելությունը կատարվում է բացառապես անվճար ուսուցման համակարգում՝ կառավարության կողմից տարեկան հատկացված տեղերին համապատասխան՝ մրցութային կարգով: Նախագծերի համահեղինակներն առաջարկում են ընդունելությունը կատարել ոչ միայն անվճար, այլեւ վճարովի համակարգով։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )