Մի սպանության պատմություն․ Ռուսաստանի գլխավոր վարձու մարդասպանը դատախազի պատվերը անվճար է կատարել
Ռուսաստանի գլխավոր վարձու մարդասպան Ասլան Գագիեւը կամ Ջակոն, ում համարվում են հանցախմբի պարագլուխ, եւ ով վաթսուն մարդ է սպանել, անվճար իրականացրել է դատախազ Օլգա Շվեցովայի պատվերը՝ սպանել Շվեցովայի նախկին փեսային։ Այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտը»։ Պարբերականին հայտնի է դարձել մանրամասներ այդ «համագործակցությունից»։ Ըստ այդմ 2012 թվականի օգոստոս ամսին, դատախազ Շվեցովան, ըստ քննության վարկածի, մեկնել է Մոսկվա, որտեղ հանդիպել է Գագիեւի հետ։ Նա խնդրել է քրեական հեղինակությանը մեջտեղից վերացնել Ալեքսանդր լեոնովին, իր քրոջ նախկին ամուսնուն, ով այդ ժամանակ քննիչ է եղել։ Մարդասպան Ջակոն որոշել է անվճար կատարել Հյուսիսային Օսեթիա-Ալանիայում հայտնի դատախազի խնդրանքը։ Շվեցովան ծառայել է դատախազության համակարգում սկսած 1984 թվականից եւ անցել է ծառայողական սանդուղքի բոլոր աստիճանները։ Քննությունը նաեւ պարզել է, որ Ջակոյի հանձնարարությամբ Լեոնովին սկսել է հետեւել հատուկ նշանակության արագ արձագանքման ստորաբաժանման գնդապետ Եվգենի Յաշկինը, իսկ Լեոնովի վրա կրակել է նախկին իրավապահ Ռուսլան Յուրտովը 2012-ի սեպտեմբերի 12-ին։ Լեոնովին սպանել են սիրուհու աչքի առաջ։ «Կոմերսանտը» մանրամասնում է, որ Վլադիկավկազի դատարանը կալանավորել է Շվեցովային մեկ ամսով։ Նրան ձերբակալել են նախօրեին Բեսլանի օդանավակայանում։ Նա պատրաստվում էր նախ մեկնել Մոսկվա եւ ապա՝ Գերմանիա։ Շվեցովային առաջին հարցաքննությանը կանչել էին ամռանը, եւ դրանից հետո նա սկսել էր պատրաստվել փախուստի դիմել եւ անցնել արտասահման։ Շեվցովայի դեմ ցուցմունք է տվել Ջակոյի հանցախմբի անդամներից մեկը։ Նա հերքում է իր մեղքը։