Մի իրի պատմություն. Քինդեր-Ձվիկ

«Քինդեր սյուրպրիզի» ստեղծման պատմության մասին խոսելիս անպայման պետք է նշել, թե ինչպես է զարգացել շոկոլադե ապրանքներ արտադրող իտալական Ֆերրերո» ընկերությունը։ Նրա տարեկան շրջանառությունը այժմ ավելի քան 6 միլիարդ եվրո է կազմում, բայց ընկերությունն այդպիսինն է դարձել ոչ միանգամից։ Նրա պատմության արմատները խորությամբ գնում են նախորդ հարյուրամյակի քառասունական թվականներ, երբ ողջ աշխարհը ցնցված էր Երկրորդ համաշխարհային պատերազմից։
Պիետրո Ֆերրերոն Թուրինում (Իտալիա) առաջին առևտրային խանութի հիմնադիրն է։ Նրա հիմնադրած գործը խթան է եղել ֆիրմայի հետագա զարգացման համար` աշխարհին նվիրելով համեղ քաղցրավենիքներ, ինչպիսիք են` «Տիկ-Տակ» դրաժեները, «Նուտելլա» շոկոլադային մածուկը, «Քինդեր-Սյուրպրիզ» ձվիկը, «Ռաֆաելլո» կոնֆետը: Արժե նշել, որ այս աշխատանքը սկսել է Պիետրոյի հայրը, որը ոչ մեծ հացաբուլկեղենի խանութի սեփականատեր էր։ Հենց նա էլ 1930թ. այդ խանութը` որպես ժառանգություն, փոխանցեց իր որդուն։ Սակայն Պիետրոն ձգտում էր ավելի հետաքրքիր և գրավիչ գործի: Եվ շուտով նրան հաջողվեց հասարակ հացաբուլկեղենի խանութը վերածել հրուշակեղենի խանութի։.
Եվ այստեղ Ֆերրերոն կարողացավ բացահայտել իր տաղանդը։ Որպես հրուշակագործ` նրան դուր էր գալիս փորձարարություններ անել մթերքների հետ, և ամեն ինչում նրան օգնում էր իր կինը։ Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմը ստիպեց ամուսնական զույգին տեղափոխվել Իտալիայի հյուսիս։ 1942թ. Ալբա քաղաքում ամուսինները նորից բացեցին հրուշակեղենի արտադրամաս և շարունակեցին իրենց փորձարարությունները` հորինելով նորանոր քաղցր ուտեստներ։
Նոր վայրում Ֆերրերոների հրուշակեղենը ձեռք բերեց աննախադեպ հաջողություն, հետո նրանց մասին իմացավ ողջ Իտալիան։ Իսկ հետո` ժամանակի ընթացքում, համեղ քաղցրավենիքների մասին իմացավ ողջ աշխարհը։ 1946թ. Ալբայում բացվեց Ֆերրերոների առաջին ֆաբրիկան։ Ընկերությունը Իտալիայի սահմաններից դուրս եկավ 10 տարի անց` բացելով ներկայացուցչություն Գերմանիայում:
Իսկ հիմա` «Քինդեր Սյուրպրիզի»` հայտնի մանկական քաղցր զվարճանքի ստեղծման պատմության մասին մասին:
Ձվի մեջ խաղալիք դնելու գաղափարը նոր չէ։ Չէ՞ որ դեռևս ԽՍՍՀ-ում նախապատերազմյան տարիներին երեխաներին գնում էին քաղցրավենիքներ, որոնց անվանում էին՝ «շոկոլադե ռումբեր», նրանց մեջ երեխաները գտնում էին սրտիկներ, փայտե տիկնիկներ և այլ մանրուքներ, որոնցով շատ ուրախանում էին։ Բացի այդ, Իտալիայում մի հին ավանդույթ կար. Զատիկին թխում էին ձվի տեսքով կարկանդակներ և մեջը դնում էին փոքրիկ անակնկալ` կոպեկ կամ խաղալիք:
Պիետրոյի որդին` 24-ամյա Միքելե Ֆերրերոն, դառնալով ընտանեկան բիզնեսի շարունակող, հիմք վերցրեց այդ ավանդույթը։ Եվ քանի որ նա փոքրուց հրաժարվել էր կաթ խմելուց (կաթ չէր սիրում), նրա մոտ հիանալի միտք է հղանում` արտադրել մանկական հրուշակեղեն, որի մեջ կաթը կազմի մինչև 42%: Այդ ժամանակից էլ իր ճանապարհը սկսեց «Քինդեր» մանկական շոկոլադը։
Անակնկալով ձվիկը ևս որոշվեց պատրաստել «Քինդեր» շոկոլադից: Այն սկսեցին արտադրել 1974թ. սև և սպիտակ շոկոլադից, իսկ միջուկը դեղին, ձվի դեղնուցի նմանությամբ պլաստմասե պատիճ է:
Ֆերրերոների ընտանիքն անմիջապես արտոնագրեց իր արտադրանքը: Իսկ ձվիկների համար ամենատարբեր խաղալիքներ ստեղծելու գաղափարի հեղինակը շվեյցարացի արդյունաբերական դիզայներ Հենրի Փոթն է: «Քինդեր-Ձվիկի» շատ խաղալիքներ նրա մտահղացումներն են:
Առաջին անգամ խանութներում հայտնվելով՝ հսկայական հերթեր էին գոյանում: Ընդամենը մեկ ժամում իրացվել էր առաջին խմբաքանակը: «Քինդեր-Ձվիկի» խաղալիքների հավաքածուներ սկսեցին ունենալ և մեծերը, և փոքրերը: Ձեռքով պատրաստված որոշ խաղալիքների գինը հասնում է մինչև 500 դոլար, մանավանդ, եթե այն եզակի նմուշ է:
Հայտնի է դեպք, որ 2007թ. eBay-ի աճուրդում 90000 խաղալիքի համար վճարել են
30000 եվրո:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )