Մի իրի պատմություն.պայուսակ

Պայուսակներն ունեն վեցհազարամյա պատմություն։ Դա զարմանալի չէ, քանի որ բոլոր ժամանակներում մարդկանց անհրաժեշտ է եղել ինչ-որ բանի մեջ պահել և տեղափոխել գումարները, տարբեր մանրուքներ։ Գիտնակաները կարծում են, որ առաջին պայուսակները այնուամենայնիվ եղել են հագուստի գրպանները, որոնք հայտնվել են XVII դարում։ Դրանցով զարդարել են բաճկոնակները, ժիլետները, իսկ որոշ ժամանակ անց` նաև տաբատները։
Թեպետ մինչև հագուստի վրա գրպանների հայտնվելը` մարդիկ մետաղադրամներն ու այլ անհրաժեշտ պարագաները պահել են փոքրիկ քսակներում։ Կանայք գերադասում էին դրանք պահել կիսաշրջազգեստի տակ (հիմա էլ կանայք շարունակում են գումարը պահել կողմնակի մարդկանց աչքից հեռու տեղերում), իսկ տղամարդիկ կախում էին իրենց գոտիներից։ Միջին դարերում այդպիսի քսակները անվանում էին «գրպանիկներ բարության համար» կամ «օմոնիերներ»։ Բացի դրանցից նրանք իրենց հետ հաճախ կրում էին մանր մետաղադրամների համար փոքրիկ կաշվե քսակներ։ Դրանք համարվում էին պալատական արդուզարդի զարդարանքներ։
XV-XVI դարերում քսակների նորաձևությունը քայլեց առաջ. քսակներ սկսեցին պատրաստել տարբեր չափսերի` ամենափոքրերից մինչև ամենատարողունակները։ Քայլելիս քսակի մետաղադրամները զրնգում էին, և ձայնի միջոցով հասկանալի էր դառնում տիրոջ ունևորությունը։ Երբ հայտնվեցին գրպաները, տղամարդիկ իրենց քսակների ողջ պարունակությունը տեղափոխեցին այնտեղ, և լիովին հարմարավետ էր։ Իսկ կանանց գրպաները բավական չէին, այդ իսկ պատճառով սկսեցին կրել քսակ-պայուսակներ, որոնցում էլ դնում էին անհրաժեշտ մանրուքները։ Դեռ այն ժամանակներում այդպիսի պայուսակներ` զանազան չափսի և տեսքի, կարում էին տարբեր կտորներից։ Դրանք զարդարում էին մարգարտահատիկներով, ասեղնագործությամբ և ուլունքներով։ Հայտնվեցին նաև հյուսկեն և գործվածքե պայուսակներ (ռիդիքյուլ)։ Կանայք դադարեցին թաքցնել պայուսակները և սկսեցին ակտիվորեն այն ցուցադրել որպես արդուզարդի ու պերճանքի առարկա։
XVIII դարում նորաձև էին ժանյակներով պայուսակները, որոնց անվանում էին «պոմպադուր»` ի պատիվ Լյուդովիկոս XV արքայի ֆավորիտների։ Դրանք շրջանաձև տակերով քսակներ էին, որոնց բկանցքները ձգված էին ժապավենով։ «Պոմպադուրների» հետ նորաձև դարձան գաղտնի գրպանները, որոնք կարվում էին շրջազգեստին։
Իսկ ե՞րբ հայտնվեց մեզ համար սովորական տեսքով այս պիտույքը: Ժամանակակից պայուսակների առաջացման պատմությունը սկսվում է ֆրանսիական հեղափոխության ժամանակից (XVIII դարի վերջ – XIX դարի սկիզբ), երբ ծնվում է նոր նորաձևություն, համաձայն որի` կանայք պետք է ձեռքերում պահեին գրպան-պայուսակները, իսկ տղամարդիկ՝ ձեռքերը՝ գրպանում։ Այս նորամուծությունը հանգեցրեց այն բանին, որ թույլ սեռի ներկայացուցիչների մոտ վերացավ գրպանների, դրամապանակների, քսակների և նման այլ իրերի անհրաժեշտությունը: Այս ամենին փոխարինելու եկավ կանացի փոքրիկ պայուսակը։
Այդ ժամանակ պայուսակների մասշտաբային արտադրություն չկար։ Դրանք պատրաստվում էին առանձին վարպետների կողմից որպես կանոն՝ պատվերով։ Բայց իրավիճակը ժամանակի հետ փոխվեց։ Այսպես, XIX դարի կեսերից մինչև XIX դարի վերջը Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիայի օրոք բացվեցին պայուսակներ արտադրող գործարաններ, ինչպես օրինակ ՝ Hermès և Louis Vuitton ։ Այդ ժամանակաշրջանից սկսած` պայուսակներ սկսեցին արտադրվել մեծ քանակությամբ։ Միևնույն ժամանակ ձեռագործ պայուսակները շարունակվում էին արդյունաբերական նմուշներից բարձր գնահատվել, բայց դրանք թանկարժեքության պատճառով հասու էին միայն հարուստներին:
XIX դարում պայուսակների վրա սկսեցին փոքրիկ կողպեքներ դնել, բայց այսօրվա տարածված շղթաները միայն հայտնվեցին 20-րդ դարում: Այդ ժամանակ էր, որ բարեկրթության կանոնները պարտավորեցնում էին, որ պայուսակի գույնը պետք է համընկներ հագուստի հետ, այդ պատճառով ճիշտ պայուսակ ընտրելը բավականին դժվար էր:
20-րդ դարը վերջնականապես և անվերապահորեն կանացի տաբատների, կարճ կիսաշրջազգեստների, սանրվածքների հետ հավասար ճանաչեց պայուսակները։ Հոկտեմբերի 4-ին Մեծ Բրիտանիայում նույնիսկ նշում են հատուկ տոն ՝ Պայուսակների ազգային օրը։
Կնոջ դերը հասարակության մեջ արմատապես փոխվեց, եւ հնարավոր է, որ այդ պատճառով էլ, հաշվի առնելով կանանց նոր պահանջմունքները, հայտնվեցին մեծ չափսերով պայուսակներ։
Զգեստապահարանի այս իրի նորաձևությունը միշտ շեշտակիորեն փոխվում է, մեկ նորաձև են բարակ գոտիով ու բարակ շղթաներով փոքրիկ պայուսակները, կամ էլ ընդհակառակը` մեծերը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )