Մի իրի պատմություն, Չուպա Չուպս
Չուպա Չուպսի` ամենահայտնի սառնաշաքարի պատմությունը սկսվել է 1958 թվականից: Հենց այդ ժամանակ ի ծնե հրուշակագործ Էնրիկ Բերնաթը հիմնադրեց ընկերություն այս քաղցրավենիքի արտադրության համար, որը հետագայում ստացավ Chupa Chups Group անվանումը:
Էնրիկ Բերնաթը ծնվել է Բարսելոնայում (Իսպանիա): Իր նախնիներից նա ժառանգել է Granja Asturias անունով քաղցրավենիքի արտադրամասը: Գործերը լավ էին ընթանում, և ահա 1958 թ. ձեռնարկատերը որոշում է ուսումնասիրել գնորդների կողմից իր արտադրանքի սպառողական նախապատվությունը, թե որ տեսականին ամենամեծ պահանջարկն ունի:
Բերնաթի հանձնարարությամբ մարքեթինգային հետազոտությունը անցկացրեց ֆրանսիական ընկերությունը: Արդյունքները շատ զարմացրին հրուշակագործին: Ապրանքաարտադրության մեջ հաշվի են առնվել մեծահասակների հետաքրքրություններն ու նախասիրությունները, սակայն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրա արտադրանքը գնել են հիմնականում մինչեւ 16 տարեկան երեխաները: Այդ փաստն նպաստեց, որ արտադրվի այնպիսի քաղցրավենիք, որը կգնեն և փոքրերը, և մեծերը։
Բացի այդ, որոշվել է օգտագործել հատուկ փաթեթավորում` նոր արտադրանքն ավելի հարմարավետ դարձնելու համար։ Չէ որ, բոլորը գիտեն, որ երեխաները հաճախ կեղտոտում են իրենց, իրենց ծնողներին և այն ամենը, ինչին որ ձեռք են տալիս շոկոլադներ, կոնֆետներ և այլ քաղցրավենիքներ ուտելիս: Այսպիսով, Չուպա Չուպսի ստեղծողների մոտ միտք հղացավ, որ քաղցրավենիքը կարելի է տնկել փոքրիկ պատառաքաղի վրա, որը հարմար կլինի բռնել: Հետագայում այն փոխարինվեց պլաստմասե փայտիկով:
Այսպիսով, հրուշակեղենի պատմության մեջ հայտնվեց փայտիկով լեգենդար սառնաշաքարը: Ճիշտ է, այն սկզբում Gol (գոլ) էր կոչվում, քանի որ ֆուտբոլային գնդակի նմանություն ուներ: Ընկերության սեփականատիրոջը այս անունը դուր չեկավ, և որոշեց վերանվանել CHUPS («chupar» — «ծծել»), իսկ հետո Chupa Chups:
Անվան և ապրանքանիշի պաշտոնական գրանցումը կատարվել է 1962 թվականին: Իսկ 1964-ին ընկերությունը հայտնի դարձավ որպես Chupa Chups, որի հիմնական արտադրությունը տեղակայված էր Բարսելոնայի մոտ գտնվող Սան Էստեբան դե Սասրովիրաս քաղաքում:
Չուպա Չուպսի պատմության մեջ ամենահիշարժանն այն է, որ Սալվադոր Դալին ինքն է մշակել ապրանքանիշի լոգոն: Ժամանակի ընթացքում փոխվել է դիզայնը, բայց, այնուամենայնիվ, հիմնական գծերը մնացել են: Լեգենդար նկարչի հետ հանդիպելու համար Բերնաթը 1969-ին գնացել էր Ֆիգերաս: Նա խնդրել էր Սալվադոր Դալիին` որոշակի գումարի դիմաց նկարել Չուպա Չուպսի համար լոգոտիպ :.
Մի քանի ժամ անց` ամեն ինչ պատրաստ էր: Արվեստագետի ստեղծած լոգոտիպը նման էր երիցուկի: Աշխատանքը լիովին բավարարեց Բերնաթին, իսկ Դալիի մասնակցությունը նպաստեց սառնաշաքարի ավելի մեծ ճանաչմանը ողջ աշխարհում:
Հայտնի է սառնաշաքարի ավելի քան 100 տեսակ։ Արտադրության տեխնիկական նորարարությունների, ինչպես նաև իր վառ փաթեթավորման և ճաշակի բազմազանության շնորհիվ այսօր Chupa Chups-ը ամենատարածված սառնաշաքարն է աշխարհի բոլոր երկրներում, այն սիրում են և երեխաները, և մեծահասակները: 2006 թվականին Perfetti Van Melle միավորումը գնել է Chupa-Chups Group-ը, որն էլ դարձել է նրանց գլխավոր ապրանքանիշը