Մի իրի պատմություն. նշանադրության մատանի
Ամուսնության ժամանակ հարսանեկան մատանիների փոխանակման ավանդույթը այնպես մտավ մեր կյանք, որ անգամ չհասցրինք մտածել դրա անհրաժեշտության մասին։ Մենք մատանիները ընկալում էնք որպես հարսանեկան արարողության պարտադիր պիտույք։ Եկեք հասկանանք, թե ինչու է առաջացել այդպիսի ավանդույթը, և մեր նախնիները ինչու էին այդքան իմաստավորել այն։
Նախ հիշենք, թե ինչու են ընդհանրապես հայտնվել առաջին մատանիները:
Ըստ արժանահավատ աղբյուրների` առաջին մատանիները հայտնվել են Հին Եգիպտոսում: Փարավոնները դրանք կրում էին որպես կնիք, որով էլ հաստատում էին իրենց կամքը: Ավելի ուշ հարուստ եգիպտացիները սկսեցին ոսկե մատանիները օգտագործել որպես զարդ: Իսկ ովքեր, որ հարուստ չէին, կրում էին կավե և ապակե իրեր: Զարդեր պատրաստում էին նաև բրոնզից և արծաթից: Հին Հռոմում մատի մատանուց կարելի էր ենթադրել, թե որ ազնվական դասին է պատկանում դրա կրողը:
Ոսկե զարդերը թույլատրվում էին միայն բարձր խավին: Սովորական քաղաքացիները կրում էին արծաթից մատանիներ, իսկ ստրուկները` երկաթից: Այդ ժամանակներից էլ ի հայտ եկավ նշանադրության արարողությունը. տղան մետաղից պատրաստված մատանի էր բերում հարսնացուի ծնողներին: Դրանով նա ընտանիքը պահելու պարտավորություն էր ստանձնում: Այդ ժամանակներում նշանադրությունը ավելի կարևոր իրադարձություն էր, քան` հարսանիքը:
Որպես հարսանեկան պիտույքի` նշանադրության մատանու պատմությունը սկսվում է ավելի ուշ` քրիստոնեության ընդունումից հետո: Առաջին անգամ երկրորդ դարի երկրորդ կեսին հարսն ու փեսան սկսեցին փոխանակել բրոնզից մատանիներ: III դարում բրոնզե մատանիները փոխարինվեցին արծաթով: Իսկ IV դարում նրանք սկսեցին գործածվել հարսանեկան արարողությունների ժամանակ: Ինչպես և այսօր, , ուղղափառ հավատացյալները նշանադրության մատանին կրում էին աջ ձեռքի մատնեմատին, իսկ կաթոլիկները` ձախ: Մեր օրերում ամուսինները միմյանց մատանիներ են նվիրում` խոստանալով լինել սիրող եւ հավատարիմ:
Քրիստոնյաները գտնում են, որ նշանադրության մատանին պետք է լինի պարզ, առանց որեւէ զարդարանքի: Հենց այդպիսի մատանիներն են հաճախ ընտրում պսակադրության համար: Սակայն, վերջերս սկսեցին նորաձև դառնալ թանկարժեք քարերով զարդարված մատանիները: Երբեմն ապագա ամուսինները պատվիրում են` ցանկանալով, որ իրենց մատանիները եզակի լինեն:Սակայն ձեր սիրելիի մատին մատանի հագցնելիս հիշեք, որ կարևորը ոչ թե ադամանդի չափսերն ու կարատների քանակն են, այլ` ձեր զգացմունքների անկեղծությունը: Սրանով չի ավարտվում նշանադրության մատանիների պատմությունը, ոսկերչական իրերի արտադրությունը տարեցտարի հաճախորդներին առաջարկում է մատանիների և այլ զարդերի ավելի ու ավելի նոր բացառիկ տեսակներ:
