Մի բաժանիր, որ տիրես
Քաղաքական դաշտն ամայացնելու, պառակտելու քաղաքականությունը մեզանում նոր չէ։ Մեր երկրի առաջին դեմքերը, որպես կանոն, ավելի շատ խարդավանքներով են զբաղվել, քան երկրի հոգսերով։ «Բաժանիր, որ տիրես» կարգախոսը նրանց ամենասիրած սկզբունքն է եղել։ Եվ մենք տարիներ շարունակ ականատես ենք եղել, թե ինչպես են կուսակցությունները պառակտվում ու փոշիանում։ Ինչպես են քիչ թե շատ գրագետ մարդիկ «գնվում ու վաճառվում»։ Ինչպես է իշխանությունը կեղծ ընդդիմություններ ծնում եւ իրական ընդդիմադիրներին ոչնչացնում։ Հեշտ չի եղել մեր երկրում ընդդիմադիր ուժերի ճակատագիրը։ Նրանք պերմանենտ հետապնդումների, ֆինանսական ու կադրային լուրջ դեֆիցիտի ու անհավասար մրցակցության պայմաններում են գործել։ Իսկ տեւական ժամանակ ընդդիմություն լինելու հանգամանքն իր կնիքն է թողել նրանց մտածողության, վարքուբարքի վրա։
Մեր երկրում, եթե անկեղծ լինենք, ոչ թե քաղաքական առողջ պայքար, այլ ինտրիգների, պնակալեզության, իրար տակ փորելու, ստոր գործարքների մթնոլորտ է ձեւավորվել, եւ դրան մեծապես նպաստել են իշխանությունները, որոնք քաղաքական հակառակորդներին վերացնելու ճանապարհը նախընտրել են հավասար մրցապայքարում հաղթելուց։ Իսկ թուլացած, պառակտված, վարկաբեկված հակառակորդին հաղթելը, բնականաբար, բարդ չէ։ Հիմա նախկին ընդդիմությունը եկել է իշխանության, եւ թվում է՝ պետք է կտրուկ փոխեր այս մթնոլորտն ու գործելաոճը։ Սակայն, ցավոք, նոր իշխանություններն էլ ընտրեցին նախկինների ուղին՝ պառակտելու, ոչնչացնելու, սեւացնելու, կեղծ ընդդիմություններ ձեւավորելու, ընդդիմադիրներին մի քանի «ոսկոր» նետելով կառավարելու ուղին։ Շատ ուժեղ գաղափարախոսություն ու պայքարի կամք պետք է ունենան այն մարդիկ, ովքեր այսօր հավակնում են զբաղեցնել ընդդիմության դաշտը։