Մինչև Նոր տարի նեղանալ չկա

Մի քանի անկապ զոմբի կա, որ իմ ամեն հոդվածի տակ գրում են՝ էդ ինչքա՞ն փող են տվել քեզ, որ այսպիսի հոդված ես գրել մեր սրտի վարչապետի, մեր սրտի նախարարի, մեր սրտի հասարակական գործչի մասին: Շշմելու մտածողություն ունեն այդ զոմբիները:
Օրերս այսպիսի գրառում էի արել՝ «Ռուբեն Հայրապետյան- Նիկոլ Փաշինյան՝ 9:1»: Նկատի ունեի Հայրապետյանի հարցազրույցը Սաթիկ Սեյրանյանի մոտ, որի ժամանակ ահագին բան իմացա ոչ այնքան ֆուտբոլի, որքան Նիկոլ Փաշինյանի շրջապատի մասին: Այնտեղ ո՞վ կար, հա՝ Խաչատուր Սուքիասյան, Անդրանիկ Քոչարյան… Զգու՞ւմ եք ովքեր են: Նեմեցն էլ պակասը չէ՝ գիտեմ, բայց, ամեն դեպքում, այդ օրը նա ջախջախել էր Նիկոլի «մատյան գունդը» և դա այնքան ակնհայտ, որ ակամա հիշել էի Իտալիա-Հայաստան ֆուտբոլային տրագեդիան եւ գրել էջումս: Հիմա այս զոմբին մտել էր էջս ու մի հանգի պնդում էր, որ ես փող եմ առել այդպիսի բան գրելու համար: «Դու ո՞նց կարող էիր առանց շահ ունենալու Նեմեցին պաշտպանել…»: Դե արի ու սրան բացատրիր, որ դու ուղտ չես…
Այս մտքերով էի քնել, թե ինչ, մեկ էլ գիշերվա մի ժամի դռան զանգը տվեցին: Բացեցի, տեսնեմ՝ Սորոսն է, երկու կասկածելի քեյսով:
-Ջիմի՞կ, ի՞նչ կա էս ուշ ժամին…
-Վաղվա հոդվածիդ հոնորարն եմ բերել, իմ մասին մի լավ բան կգրե՞ս:
Էլ չհասցրեցի դուռը երեսին փակել: Ճամպրուկները ներս գցեց ու թռավ: Առաջին միտքս այն էր, որ զանգեմ ոստիկանություն, բայց մի ներքին ձայն ինձ ասաց՝ ի՞նչ գործ ունես, կգան, շենքավորին դիվադադար կանեն, քեզ էլ հետները կտանեն բաժին հարցաքննելու: Որոշեցի առավոտյան զանգել ու գնացի քնելու:
Առավոտյան անցա միջանցք՝ տեսնեմ ճամպրուկները չկան: Կնոջս ձայն տվեցի՝ այստեղ երկու քեյս կար, ո՞ւր ես դրել:
-Ի՞նչ քեյս, այ մարդ:
-Ճամպրուկի պես, փակ երկու քեյս կար, դռան տակ:
-Դու որ գործից եկար, ձեռքիդ մի հատ հաց կար, ճամպրուկ չկար, ես չեմ տեսել:
-Ուրիշն էր բերել, դրանք իմը չէին:
-Իսկ մեջն ի՞նչ կար այդ քեյսերի:
-Ինձ ասացին, որ վաղվա հոդվածիս հոնորարն է…
-Յա՛ա՛ա՛, քեզ արդեն էս գլխից են տալի՞ս հոնորարը, հո երազ չե՞ս տեսել,- հարցրեց կինս, որ բավականին լավատեղյակ է իմ հոնորարներից:
Նայեցինք իրար: Հա էլի, ոնց որ երազ էի տեսել: Սորոսին ո՞վ պետք է իմ տան տեղն ասած լիներ, որ նա էլ էդ գիշերվա կեսին ինձ ճամպրուկներ բերեր: Բախտի տերը թաղեմ…
Առաջին սուրճի հետ վերակենդանացա և նույնիսկ տրամադրությունս բացվեց՝ ինչ լավ է, որ այդ ամենը երազ է եղել: Թե չէ էս «ֆեյք» իրականության մեջ ինչ ասես՝ կարող է պատահել: Փող են տալիս, հետո բռնում են, բռնում են՝ հետո են փողը տալիս, պատահում է նույնիսկ՝ բռնում են ավանսով, որ հետո մի բան գտնեն ու հարմարեցնեն քեզ…
Ես բացարձակության հասցված կարծիք չունեմ լրագրողների մասին: Մեջներս էն էլ կա, էն էլ, փող վերցնող լրագրող էլ կա, բայց դրանք այսպես ասեմ՝ «երջանիկ բացառություններ» են: Ինչո՞ւ չակերտավոր, որովհետև այդկերպ վաստակած փողը, որպես կանոն, չի երջանկացնում ոչ մի լրագրողի: Նախագահ տեսնելիս՝ կռացիր, վարչապետ տեսնելիս կռացիր, նախարար տեսնելիս՝ կռացիր, փողատեր հաստագլուխ տեսնելիս կռացիր… Բա դա ինձ 100 տարի պե՞տք է: Թող լավ գործ անեն՝ իրենց մասին լավը գրեմ: Բայց որ լավ գործ չեն անում, ինչպե՞ս լավը գրեմ:
Ծանոթներս ասում են՝ ինչո՞ւ խորհրդարանում չես, բա մի հատ Պետրոս Ղազարյանին կամ Արման Բաբաջանյանին նայիր, համ տարիքով քեզնից փոքր են համ «պեռվի կռուգ» են ֆռֆռում: Թե՞ դու իրենցից լավն ես ու մեծ հոնորարներից զզվում ես: Չէ, ձեր ցավը տանեմ, ես մեծ հոնորարներից չեմ զզվում, ես կեղտոտ հոնորարներից եմ զզվում, իսկ մեծ լինում են, սովորաբար, կեղտոտ հոնորարները, ինչպես երազիս մեջ տեսած 2 ճամպրուկը: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինձնից ինչե՜ր էր պահանջելու Սորոսը, եթե տեղի ունեցածը արթմնի լիներ: Մարդաշատ վայրերում համբուրիր Լարիսի ձեռքը, Արթուրին ասա՝ պարոն Սաքունց, Դանիին ժպտալով բարևիր, Բաղդասարյան Լևոնին ՖԲ-ով ընկերություն տուր, Սաֆարյան Ստյոպայի հեռախոսի պատմությունը մոռացիր… Երկու ճամպրուկ փողը քիչ չէ, իհարկե, սորոսականներ խաղացնելու համար, բայց ես՝ ես էդ տեղեն չեմ, և ոչ էլ Պետրոս եմ կամ Արման: Դա իրենց միջից է, ինչպես սփյուռքահայ բարեկամներս են սիրում ասել՝ ընդմիջից: Իսկ ընդմիջից նրանք «քցող» տեսակ են, «երջանիկ բացառություններ»:
Սերժ Սարգսյանին տեսնելիս Պետրոսը ոտքի մատների ծայրին էր բարձրանում: Նրա հետ մի քանիսն էլ կային, որ սիրում էին գլխով հավանություն տալ Սերժի բոլոր ասածներին: Ես չէի կարո՞ղ նույնն անել, Սերժն էր, ի վերջո: Բայց, գրողը տանի, ինձ միշտ հետապնդել է այն միտքը, որ ոչ Սերժն է հավերժ, ոչ էլ ես: Բա որ Սերժին մերժեին, իմ վիճակն ի՞նչ էր լինելու… Բայց դուք հիմա Պետրոսին ու Արմանին հարցրեք՝ որ Նիկոլը գնա, ի՞նչ են անելու: Երկուսն էլ պատրաստի պատասխան ունեն.՝ մենք մեր պարտքն ենք կատարել, կառուցողական ենք եղել, հայրենիքին ենք ծառայել… Այ Պետրոս, Հյուսիսային պողոտայի թանկ կաֆեում, սիգարը բերանիդ՝ հայրենիքի՞դ ես ծառայում: Էս ի՞նչ նոր «պոզա» է հայրենիքին ծառայելու, որ ես չգիտեմ: Սերժի հետ ո՞վ էր հայրենիքին ծառայում բաժակ ծնգացնելով: Հա, էլի, դարձյալ Պետրոսն էր, ուղղակի այնքան էր ծռվել, որ հազիվ ճանաչեցի: Մարդն այսօր մերժում է Սերժին՝ ճիշտ նույն չափի հոնորարի դիմաց, որ ստանում էր բաժակ ծնգացնելու համար: Ես այդպես չեմ կարող: Կամ էն Արմանը, որ մերժեց Էդմոն Մարուքյանին ու դարձավ թունդ հեղափոխական: Դա մի ուրիշ «ֆրուկտ» է, որի ծառը ոչ ոք չի տեսել: Ասում են՝ խելոք գառը յոթ մոր կաթ կուտի: Սրա պարագայում՝ ինչ յոթ, դուք 17-27-ից խոսեք: Ռոբերտի ժամանակ ձերբակալվել, դատվել է՝ հասկացա, չի սիրում երկրորդ նախագահին: Բա Սերժի՞ն ինչու չի սիրում: Նրան Սերժն է ազատել, Սերժի օրոք են իր լրատվամիջոցները բարգավաճել, կարճ ասած՝ մարդ է դարձել, տուն-տեղ դրել: Հիմա եկել, ասում է՝ ես պետք է փրկեմ թավշյա հեղափոխությունը: Ո՞ւմից, Սերժի՞ց: Խելք ունե՞ս դու, ո՛վ Սերժի պահած լրագրող, կանգնել Նիկոլի կողքին հեղափոխություն ես պահպանո՞ւմ: Մեռնեմ՝ չեմ հավատա էդ խաղերիդ: Քո այդ քայլից հետո, եթե նույնիսկ Նիկոլը հիմա հայտարարի, որ ինքն է հեղափոխության իսկական պահակը, էլի չեմ հավատա: Եվ գիտե՞ս ինչու, որովհետև թե Նիկոլի և թե քո պահակը Սերժն է, լավագույն դեպքում՝ Սերժը՝ Լևոնի հետ: Մենք հիմա հենց այն փուլում ենք, Արման տղա, որին հաջորդելու են մի ուրիշ տեսակի բացահայտումներ: Զորօրինակ ո՞վ և ինչպես կերավ պողոսների խելքը, որ մերժեն Սերժին: Իսկ դիցուք քո պարագայում, Արման, բացահայտումներն ավելի ճոխ ու ցավոտ են լինելու: Գիտես, թե ինչը նկատի ունեմ:
Ես ի՞նչ անեմ, հիմա, էս մի քանի զոմբիներից վախենամ ու «երջանիկ լրագրող» դառնա՞մ: Չէ, չի լինի… Ինչքան էլ սիրելի կինս հոգուս հետ խաղա՝ հը՞ Սորոսի ճամպրուկներն ի՞նչ եղան, միևնույն է, այսպես ավելի լավ է:
Հ.Գ. Ինչ վերաբերում է տեքստում տեղ գտած «որակումներին», ապա հոգ չէ: Ինձ նման մի լրագրող էլ իրենք են և հրաշալի են տիրապետում միմյանց մասին այս թեթև ոճի մեջ արտահայտվելու կանոններին: Իրենք էլ են իմ հասցեին շատ բաներ ասել, որ նեղանայի ո՞ւր կհասներ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )