Միայն այն, որ թափանցիկություն չկա, հիմք է կասկածելու համար, որ կոռուպցիոն ռիսկեր կան. Է. Մարուքյանը` քաղաքապետարանի՝ նվեր ստացած 20 բեռնատարների մասին

Հենց միայն այն հանգամանքը, որ թափանցիկություն չկա, այսինքն` գաղտնի է պահվել մինչ ավագանու անդամների բացահայտելը և չի ներկայացվում, թե որ ընկերություններն են նվիրաբերողները, արդեն հիմք է կասկածելու, որ հստակ կոռուպցիոն ռիսկեր կան: Այս մասին Azatutyun.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով աղբահանություն իրականացնող 20 բեռնատար մեքենաներ քաղաքապետարանին նվիրվելուն:

«Կան խոսակցություններ և մենք հետևողական ենք լինելու և պարզելու ենք, որ տարբեր շինթույլտվությունների դիմաց առաջարկվում է գնել և նվիրել աղբահանության մեքենաներ կամ տվյալ շինարարությունից որոշակի տարածք տրամադրել քաղաքապետարանին: Թե ինչ նպատակով և ինչ հետևանքներով, սա պետք է հասկանալ: Ակնհայտ է, որ ինչ-որ մարդիկ, երևի մտածում են, որ ժամանակին նույն գումարի չափով կաշառք է վերցվել, հիմա էլ մենք ասենք` թող տան քաղաքին»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ դա այնքան էլ ողջամիտ չէ, քանի որ դա կխաթարի ներդրումային միջավայրը: «Կոռուպցիան միայն այն չէ, որ մարդ ինչ-որ բան է վերցնում և տանում է իրենց տուն, այլև այն է, որ այդ լիազորությունները չարաշահվում են և դա ներկայացվում է որպես քաղաքի ձեռքբերում: Եթե այդքան թափանցիկ, արդար ճիշտ գործընթաց է, ինչո՞ւ է մինչև հիմա գաղտնի պահվել և լեգիտիմ այդ հարցի պատասխանը այս պահին չկա»,-ասաց նա:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )