Մի՞թե իմքայլական պատգամավորների ու նախարարների համար պաշտոնն ու պարգևավճարներն ավելի թանկ են, քան հարազատ երկիրը․ Ավետիք Իշխանյան
Հայաստանի Հելսինկյան ասոցացիա» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշել է, որ այս ճակատագրական օրերին եթե հնարավոր է ինչ-ինչ լուծումներ գտնել ստեղծված իրավիճակից, ապա այդ լուծումները պետք է լինեն առանց գործող վարչապետի։ Իշխանյանի գրառումը՝ ստորև․
«Ու՞ր են հրաժարականները
Հայրենիքը հանձնվում է, Արցախի անկումին հետևելու են Սյունիքը և Հայաստանի մնացած հատվածները։ Եթե նույնիսկ, Հայաստանի Հանրապետություն անունով ՄԱԿ-ի անդամ պետություն շարունակի դե-յուրե գոյություն ունենալ, այն դե-ֆակտո, այլևս Հայաստան չի լինի, այլ թուրքա-ադրբեջանական տարածք և որպես պատմության նմուշներ մի քանի հարյուր հայ ընտանիքներ։
Այս ճակատագրական օրերին, երբ, եթե հնարավոր է ինչ-ինչ լուծումներ գտնել ստեղծված իրավիճակից, ապա այդ լուծումները պետք է լինեն առանց գործող վարչապետի, որին արդեն, ոչ միայն ողջ աշխարհը չի վստահում և արհամարհում է, այլև հայ ժողովրդի, կարծում եմ արժանապատվություն ունեցող հիմնական մասը։
Եւ ես զարմանում եմ, միթե՞ այս ամենը չեն հասկանում իմքայլական պատգամավորներն ու նախարարները։ Միթե՞ նրանց համար պաշտոնը, պարգևավճարներն ավելի թանկ են, քան հարազատ երկիրը։ Արդյոք նրանց մեջ չկան մարդիկ, որ գիտակցելով պահի լրջությունը, պատրաստ են հրապարակային, հայտարարությամբ հրաժարական տալ։ Իսկ, ոչ իմքայլական պաշտոնյանե՞րը․․․»։