ՄԹ-ն վերսկսում է Հնդկաստանի հետ առևտրի համաձայնագրի բանակցությունները. վերջինս կդառնա 3-րդ խոշորագույն տնտեսությունը

Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը կվերսկսեն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Միացյալ Թագավորության բիզնեսի և առևտրի դեպարտամենտը հայտնել է, որ գերատեսչության ղեկավար Ջոնաթան Ռեյնոլդսը փետրվարի 24-ին Նյու Դելիում կհանդիպի Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ:

Կանխատեսվում է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում Հնդկաստանը կունենա ամենաարագ տնտեսական աճը G20 երկրների շարքում և մինչև 2028 թվականը կդառնա աշխարհի 3-րդ խոշորագույն տնտեսությունը:

Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարությունը հավելել է, որ Հնդկաստանի ուժեղ միջին խավը, որը մինչև 2035 թվականը կհասնի 95 միլիոնի, նշանակում է մեծ հնարավորություններ բրիտանական բիզնեսի համար։

Բանակցությունները, որոնք դադարեցվել էին անցյալ տարի Մեծ Բրիտանիայում նախընտրական քարոզարշավի ժամանակ, կտևեն 2 օր։ Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի միջև առևտրաշրջանառությունը ներկայումս կազմում է մոտ 41 միլիարդ ֆունտ (52 միլիարդ դոլար):

Լոնդոնը և Նյու Դելին աշխատում են ազատ առևտրի համաձայնագրի վրա 2022 թվականի հունվարից։

Share This