«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս11)

Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին

(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=amhttps://iravunk.com/?p=304657&l=amhttps://iravunk.com/?p=304776&l=amhttps://iravunk.com/?p=304838&l=am, https://iravunk.com/?p=304905&l=amhttps://iravunk.com/?p=304956&l=amhttps://iravunk.com/?p=305032&l=amhttps://iravunk.com/?p=305144&l=amhttps://iravunk.com/?p=305257&l=amhttps://iravunk.com/?p=305355&l=am)

«Մեղրիի տարբերակը», այսինքն` ղարաբաղյան բանակցությունների շրջանակներում որոշակի պայմաններով (օրինակ` շրջանառության մեջ եղած վարկածներից մեկով` Ղարաբաղի անկախությունը ճանաչելու եւ Լաչինի դիմաց) Մեղրիի շրջանը կամ, համենայնդեպս, այդ շրջանի Իրանին հարակից հատվածը Ադրբեջանին հանձնելու թեման իրականում եղել է: Համենայնդեպս, դա էր մեր նախորդ հրապարակման մեջ միանշանակ պնդում մինչեւ 2000թ. մայիսը ՀՀ պաշտպանության նախարար, այսինքն` ի պաշտոնե այդ իրադարձությունների կիզակետում գտնված, գեներալ-լեյտենանտ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: «Այդ տարբերակը քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով», որն այդ բանակցությունների բաց փուլն էր: Ըստ պարոն Հարությունյանի` եղել են նաեւ փակ քննարկումներ. «Կոնկրետ այն տարբերակը, որի մասին խոսում ենք, ըստ իս, ծնվել է 1998-1999թթ.-ին, անցել է տարբեր քննարկումներով, այդ թվում` Քոչարյան-Ալիեւ բանակցություններում, որից հետո, երբ եկել են կոնկրետ համաձայնությունների, դա տեղափոխվել է բաց փուլ»:
Այստեղ ամենաուշագրավն այն է, որ հիշատակված քննարկումները եղել են 1999թ.-ի հոկտեմբերյան ոճրագործության ժամանակաշրջանում: Ընդ որում, արդեն առիթ ունեցել ենք հիմնավորել, որ այդ օրերին բանակցությունները հասել էին իրենց ակտիվության գագաթնակետին: Եվ այն փաստը, որ նման գերլարված փուլում սպանվեցին Հայաստանի քաղաքական կյանքում մեծ քաղաքական կշիռ, որոշիչ դերակատարություն ունեցող այնպիսի գործիչներ, ինչպիսիք էին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը, ովքեր, ըստ այս տարիներին հնչած բազում վկայությունների` միանշանակ դեմ էին ՙՄեղրիի տարբերակին՚, ՙՀոկտեմբերի 27՚-ից շատ չանցած առաջ քաշեցին այն վարկածը, որ այդ ոճրագործությունը պետք է կապել հենց նրանց այդ դիրքորոշման եւ հիշատակված բանակցայի գործընթացի հետ:

Հավանակա՞ն է այդ վարկածը. այս հարցով էլ շարունակեցինք մեր զրույցը Վ. Հարությունյանի հետ:

– Իհարկե, հավանական է: Ավելին, եթե նայենք «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված դատավճիռը, ապա այնտեղ եւս հստակ ընդգծված է արտաքին ազդեցության գործոնը: Օրինակ` այդ ահաբեկիչների խումբը եղել է Թուրքիայում: Եվ իրականում էլ Նաիրի Հունանյանը եղել է այնտեղ, կոնկրետ հանդիպումներ ունեցել: Իսկ մյուս կողմից էլ, երբ գնահատում ենք, թե արտաքին ուժերից հատկապես ո՞ւմ շահերից էր բխում ինչպես «Մեղրիի տարբերակը» կյանքի կոչելը, այնպես էլ դրան դեմ արտահայտվող հիմնական ուժերին, գործիչներին շարքից հանելը, ապա այդտեղ, միանշանակ, տեսանելի է նախ Թուրքիայի շահը: Եվ ասել, թե այդ գործոնները պարզապես զուգադիպություն են… Ամեն դեպքում, ես անձամբ համոզված եմ, որ «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված արտաքին գործոնն ունեցել է ծանրակշիռ, եթե ոչ վճռորոշ դեր:

– Բայց եթե ընդունենք, որ հիմնական խնդիրը «Մեղրիի տարբերակին» դիմակայող հիմնական գործիչներին ֆիզիկապես ոչնչացնելն ու այդ շոկային իրավիճակում ինչ-որ կերպ պայմանագիր ստորագրելն էր, ապա նաեւ փաստ է, որ դա տեղի չունեցավ: Այսինքն` ի՞նչ. նախատեսված ծրագիրն ամբողջությամբ չաշխատե՞ց:

– Փաստ է, որ «Հոկտեմբերի 27»-ից հետո լրջագույն զարգացումներ եղան: Այն առումով, որ եթե մինչեւ «Հոկտեմբերի 27»-ը բանակցային գործընթացը փակ փուլում էր, ապա դրանից գրեթե անմիջապես հետո այն տեղափոխվեց համեմատաբար բաց փուլ, այսինքն` ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգ, եւ համանախագահները սկսեցին հանդիպումները: Նախնական ծրագիրը կյանքի չկոչվեց, քանի որ զարգացումներն ընթացան այլ սցենարով:

– Նախորոք չհաշվարկված ի՞նչ ազդեցությունների տակ:

– Կար բանակի գործոնը: Մասնավորապես ինձ համանախագահները հանդիպումների ժամանակ փորձում էին համոզել…

– Բանակի գործոն կոչվածն այն ժամանակներում, անկեղծ ասած, այնքան էլ հանրության համար տեսանելի չի եղել: «Հոկտեմբերի 27»-ի ժամանակներում կարելի է հիշել, ասենք, Երկրապահի ակտիվությունը, հանրային աղմուկ-աղաղակը: Բայց բանակի գործողությունները մի տեսակ ստվերում էր, չնայած դա կարելի է հասկանալ:

– Որոշ մանրամասներ չէի ցանկանա ներկայացնել: Ասեմ հետեւյալը. բացի տեղի ունեցած ահաբեկչությունից եւ ներքին բարդ իրավիճակից, նաեւ Ադրբեջանն էր սկսել զորքերի տեղաշարժ: Դա, չնայած իրենք էլ հետագայում հաստատեցին, բայց ամեն ինչ ի սկզբանե էլ պարզ էր, համենայնդեպս, մեր ռազմական հետախուզությունը իրավիճակին տիրապետում էր: Այդ իսկ պատճառով բանակը բերվեց մարտական պատրաստվածության: Ես այդ պահին կապվել եմ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ, զգուշացրել, որ այդ տեղաշարժը բացահայտված  է  եւ որ այն կարող է բերել լուրջ հետեւանքների, ու պահանջեցի դադարեցնել շարժը: Որոշ ժամանակ անց այդ գործընթացը կանխվեց:
Իսկ տվյալ դեպքում ամենակարեւորն այն է, որ ահաբեկչությունից շատ չանցած այցելեցին համանախագահները եւ քննարկում էին հենց Մեղրիի հարցը: Եվ այդ քննարկումներում ես կտրուկ դեմ եմ արտահայտվել արված առաջարկներին:

– Մոտավորապես ահաբեկչությունից ի՞նչքան հետո:

– Նոյեմբերին, որից հետո եւս մեկ անգամ դեկտեմբերին: Այսինքն, եթե նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հետագայում փորձում էր ներկայացնել, թե «Մեղրիի տարբերակի» նման հազարավոր առաջարկներ են եղել, եւ այդ բոլոր թեմաների մասին է խոսվել, ու նման թղթերը մինչ այժմ հենց այնպես գցված են իր դարակների անկյուններում, այսինքն, որ նման բան լրջորեն չի քննարկվել, ապա դրանով նա պարզապես թյուրիմացության մեջ է գցում հասարակությանը, որովհետեւ ի տարբերություն նրա, իմ հիշողությունը շատ լավ է: Գումարած դրան Պաշտպանության նախարարությունում այդ  բոլոր հանդիպումները ձայնագրվում են. հասկանո՞ւմ եք, թե միտքս ուր եմ տանում: Այնպես որ, երբ իր ելույթներից մեկում պարոն Օսկանյանը վստահեցնում է, թե դա չի քննարկվել համանախագահների մակարդակով, այդ դեպքում ես ՀՀ պաշտպանության նախարարությունում ի՞նչ էի քննարկում նրանց հետ: Իսկ եթե համանախագահները որոշել են որեւէ հարց քննարկել պաշտպանության նախարարի հետ, ապա բնական չէ±, որ մինչ այդ նրանք պետք է, որ այդ նույն հարցը քննարկած լինեին նաեւ պետության արտաքին քաղաքականության համար պատասխանատուների, մասնավորապես` Արտաքին գործերի նախարարի հետ: Ուստի, կա նաեւ այն հարցը, թե պարոն Օսկանյանն ինչո՞ւ էր հետագայում փորձում համոզել, թե «Մեղրիի տարբերակ» եւ դրա շուրջ քննարկումներ չեն եղել ընդհանրապես` նաեւ համանախագահների մասնակցությամբ: Ես ասեմ ավելին, շատ ավելի լուրջ քննարկումներ են եղել հենց իր մասնակցությամբ, որոնց մասին սակայն ես այսօր չեմ խոսի:

– «Հոկտեմբերի 27»-ի եւ «Մեղրիի միջանցքի» քաղաքական կապի եւ դրանում բանակի դերակատարության առումով գերադասեցիք քիչ խոսել, ուրեմն, մնում է մնացածը կառուցել ենթադրությունների վրա: Օրինակ, ի՞նչ կասեք, ասենք, այսպիսի վարկածի մասին. ահաբեկչությունը Հայաստանի ներսում առաջացնում է խառնաշփոթ իրավիճակ, համընդհանուր կասկածամտության մթնոլորտ: Այդ իրավիճակից օգտվելով` Ադրբեջանը, որը Ձեր ասածի պես, զորքերի տեղաշարժ էր սկսել, հարձակման է անցնում, սկսվում է պատերազմ: Գերտերություններն էլ, մասնավորապես` «Մեղրիի միջանցքի» բանակցությունների գլխին կանգնած ԱՄՆ-ն, արագորեն միջամտում է, պատերազմը կանգնեցնում եւ ձեռք է բերվում հաշտության համաձայնություն` տարածքների փոխանակման սկզբունքի հիման վրա: Իսկ նոր պատերազմի սպառնալիքն աչքի առաջ ունեցող երկու ժողովուրդներն էլ ընդունում են այն` որպես չարյաց փոքրագույն տարբերակ: Չնայած այս վարկածով հաշվի չառանք ռուսական գործոնը, որն այդ նոր պատերազմի ելքի վրա կարող էր էական ազդեցություն ունենալ:

– Ո´չ, դա շատ պարզ կլիներ: Իրականում ավելի բարդ մեխանիզմներ էին գործում, ավելի խորքային: Այսինքն, նրանք, ովքեր մշակել էին այդ սցենարները, այլ ուղղություններով էին գործում, եւ ոչ թե պատերազմի սանձազերծման ճանապարհով:

– Սակայն ադրբեջանական զորքերի տեղաշարժն էլ ինչո՞վ կբացատրեք:

– Առհասարակ, զորքերի տեղաշարժերը տարբեր նպատակներ կարող են հետապնդել, այսինքն` ամենեւին էլ պարտադիր չէ, որ զորքը շարժվի անպայման պատերազմ սկսելու համար: Իհարկե` պատերազմի հավանականություն էլ կար. եթե հակառակորդ երկրի ներսում նման բարդ իրավիճակ է, դրանից պատերազմի  միջոցով առավելագույնս օգտվելու ցանկություն միշտ էլ կլինի: Եթե հիշում եք, պատերազմի ժամանակ էլ մեր հաղթանակների մի որոշ մասն այն պահին էր, երբ Ադրբեջանում ներքին հակասությունները սրվում էին. ասենք` Սուրետ Հուսեյնովի Բաքվի վրա կատարած հարձակման ժամանակահատվածում: Կամ էլ հիշենք, որ երբ խորհրդային տարիներին մահանում էր երկրի ղեկավարներից մեկը, բանակում հայտարարվում էր տագնապ: Այսինքն, նման իրավիճակներում, առավել եւս, որ ահաբեկչության զոհ են դառնում երկրի միանգամից երկու բարձրաստիճան ղեկավարներ, կարող էր եւ ամեն ինչ ավարտվել պատերազմով: Սակայն տվյալ դեպքում, սցենարը, այսինքն այն, ինչ մտածված էր, կրկնում եմ, այլ էր: Հասկանալի է, կար եւ Ռուսաստանի գործոնը: Բայց այդ ամբողջ պատկերը հաշվի առնելով` նկատենք, որ ծրագիրն ավարտին հասցնելու համար պետք էր, որ Հայաստանը, մասնավորապես` բանակը համաձայնություն տար դրան, որից հետո արդեն ամեն ինչ շատ հեշտ կարելի էր ավարտին հասցնել:

– Բացահայտվել ասելով` ո՞ւմ նկատի ունեք, ո՞ւմ համար: Հասկանալի է` ամենեւին էլ հասարակության համար չէ, որ այդ ամենը հրապարակային դարձավ, քանի որ թեման մինչեւ հիմա էլ մութ է մնում: Ռուսաստանի՞ համար էր պատկերը մութ:

– Այդ պահին Ռուսաստանը տեղեկացավ նման տարբերակի մասին:

– Այսինքն` Մինսկի խմբում ունենալով համանախագահ, մի՞թե տեղեկացված չէր:

– Հենց դրա համար եմ ասում, որ եղել է երկու փուլ` գաղտնի եւ, համեմատաբար, բաց: Գաղտնի փուլում, բնականաբար, Ռուսաստանը տեղեկացված չի եղել այդ ծրագրերից:

– Այսպե՞ս հասկանանք. Ռուսաստանի հավատարիմ դաշնակից համարվող հայկական կողմը բանակցությունների իրական նպատակը ռուսներից գաղտնի էր պահել:

– Այո´: Բայց նայած, թե այս դեպքում Հայաստան ասելով` ի՞նչ նկատի ունեք:

– Թերեւս, Հայաստանի անունից բանակցություններին մասնակցող անձանց: Այսինքն` տեղեկանալով իրերի նման դրությունից` Ռուսաստանը սկսեց մտածել իրավիճակը շրջելու մասի՞ն:

– Ամեն դեպքում, դա հանգեցրեց այն ամենին, ինչ հետո տեղի ունեցան հայ-ռուսական հարաբերություններում: Հակառակ դեպքում` ինչպե՞ս հասկանալ, որ, ասենք, Ռուսաստանին Վրաստանի ունեցած երկու անգամ մեծ պարտքը ներվեց, իսկ Հայաստանինը` ոչ: Բայց երբ հարցին նայում ես այն կողմից, թե ի՞նչ պատճառով դա տեղի ունեցավ, հասկանալի է դառնում, թե ինչու Ռուսաստանը գնաց այդ քայլին եւ պահանջեց վերադարձնել իր պարտքը, ինչը հետո վերածվեց հայտնի «Գույք` պարտքի դիմաց» բանաձեւին:

– Մեր վերջին հրապարակումներում էլ էինք հասել այդ մտքին, որ «Գույք` պարտքի դիմաց» ծրագիրը կապվում է 1999-2000թթ.-ին ընթացող ղարաբաղյան բանակցությունների եւ այդ համատեքստում` Ռուսաստանի դժգոհությունների հետ:

– Այդ տեսանկյունից` ամբողջովին Ձեր այդ տեսակետի հետ համաձայն եմ եւ կարող եմ ասել, որ դա ուրիշ բացատրություն չունի: Պետք է հաշվի առնել նաեւ, որ զուտ տնտեսական տեսանկյունից` Ռուսաստանի համար այդ գործարքը ոչ մի շահ չէր ներկայացնում: Այսինքն` պարտքը ետ պահանջելը միմիայն քաղաքական մոտեցում էր, որը բխում էր այդ տարբերակով ղարաբաղյան բանակցություններում լուծման գնալու Հայաստանի փորձերից: Լուծում, որտեղ Ռուսաստանի շահերը, մեղմ ասած, անտեսված էին:

– Ստացվում է այսպե՞ս. 1999թ.-վերջերին Ռուսաստանը տեղեկացավ «Մեղրիի տարբերակը» ղարաբաղյան հարցի լուծում դարձնելու ծրագրերին: Ընդ որում` Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի սպանությունից հետո արդեն դուք եւ վարչապետ նշանակված Արամ Սարգսյանը բացահայտորեն դեմ էիք այդ ծրագրերին: Եվ ռուսները սկսեցին հակաքայլեր ձեռնարկել, չնայած որին` Ձեզ եւ Ա. Սարգսյանին զբաղեցրած պաշտոններից ազատեցի՞ն: Այսինքն` եթե դուք եւ Ռուսաստանը, այսպես ասած, բարիկադների նույն կողմում էիք, ընդ որում` ռուսները տեղեկացել էին իրավիճակին եւ բավականին ակտիվացել, ուրեմն չէի՞ն կարող ինչ-որ կերպ կանխել այդ պաշտոնանկությունները:

– Ինչ վերաբերում է բարիկադներին, ապա առաջին հերթին այդ տարբերակը չէր բխում Հայաստանի շահերից, կործանարար էր մեր երկրի համար: Եթե այսօր ցանկացած մեկին հարցնեք, նույնը կասի: Դա նաեւ չէր բխում Ռուսաստանի եւ Իրանի շահերից: Շարունակեմ: Կարող եմ հիշեցնել, որ 1999թ.-ի դեկտեմբերին ես պաշտոնական այցով մեկնել էի Մոսկվա, որտեղ ՌԴ պաշտպանության նախարար, մարշալ Սերգեեւի հետ ստորագրեցինք 3-4 լրջագույն պայմանագրեր, որոնք նախատեսում էին զարգացնել ռազմարդյունաբերական համալիրի հայաստանյան մի շարք գործարաններ…

– Այն ծրագի՞րը, որի մասին հիմա էլ խոսվում է:

– Այո´: Եվ դա դեռ այն ժամանակներից է գալիս: Դրա հետ մեկտեղ` արդեն 2000թ.-ի մայիսին կրկին այցելել եմ Մոսկվա, եւ այդ այցի շրջանակներում Ռուսաստանը հայտարարեց Մեղրիում համատեղ հիդրոէլեկտրակայան կառուցելու համար մեզ վարկ տրամադրելու պատրաստակամության մասին: Ինչի մասին նույնպես ներկայումս դեռ խոսվում է: Ինչո՞ւ հենց այն ժամանակներում եւ հատկապես Մեղրիում ՀԷԿ կառուցելու գաղափար առաջացավ. դա դժվար չէ հասկանալ: Գումարած դրան` այդ նույն այցի ընթացքում նաեւ քննարկվեց Ռուսաստանին Հայաստանի ունեցած պարտքի հարցը, եւ ռուսական կողմը, կոպիտ ասած, համարում էր, թե դա ի՞նչ հարց է, պետք է պարզապես հետաձգել: Եվ, վերջապես, այդ ժամանակաշրջանում Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի բյուջետային ճեղքվածքը փակելու համար անհրաժեշտ 50 մլն դոլար վարկը տրամադրելու համար պահանջում էր վաճառել մեր երկրի էներգետիկ բաշխիչ ցանցերը: Երբ ռուսական կողմից խնդրեցինք այդ գումարը, ՌԴ վարչապետը բառացիորեն ասաց. «Դա փոքր գումար չէ, բայց այնքան էլ մեծ չէ, որ մենք չօգնենք մեր բարեկամ պետությանը»: Ի դեպ, հենց այդ այցի ընթացքում Վ.Պուտինը համաձայնություն տվեց իջեցնել Հայաստանին վաճառվող գազի գինը:

– Երբ այդ ջերմությունից հետո Ռուսաստանի տրամադրվածությունն այնքան է փոխվում, որ ոչ միայն այդ նոր վարկը չեն տալիս, այլ պահանջում են պարտքերը վերադարձնել, ապա բացատրությունն այն է, որ այդ պաշտոնանկություններից հետո Հայաստանը, այնուամենայնիվ, շարունակում է Ռուսաստանի համար այդքան ոչ ցանկալի ուղղությամբ ղարաբաղյան բանակցություննե՞րը:

– Եթե մենք ուսումնասիրենք այդ տարբերակի քննարկումների ժամանակագրությունը, ապա կտեսնենք, որ համանախագահների մակարդակով բաց քննարկումները սկսվել են  անմիջապես հոկտեմբերի 27-ից հետո եւ ավարտվել դեկտեմբերին: Ապա վերսկսվել են մայիսի 9-ից, մեր պաշտոնանկությունից անմիջապես հետո: Ուզում եմ նաեւ մի փաստ ներկայացնել. համանախագահների հետ իմ վերջին հանդիպումից հետո համանախագահներին  ուղեկցող սպան ինձ զեկուցեց, որ լսել է, թե ինչպես է  համանախագահներից մեկը քննարկման ավարտից հետո ասել, որ մենք չենք կարող համոզել պաշտպանության նախարարին: Եթե հետեւեք այն ժամանակվա մամուլին, ապա կարելի է տեսնել, թե հատկապես ովքեր են ողջունել մեր պաշտոնանկությունները: Ամեն դեպքում` ե´ւ ադրբեջանական, ե´ւ ամերիկյան լրատվամիջոցներում եղան պաշտոնատար անձանց վկայակոչող հաղորդագրություններ, որ այդ քայլը կբերի բանակցային գործընթացի առաջընթացի:

Ազատվեցին անձանցից, ովքեր դեմ էին, որից հետո սկսվում են այն զարգացումները, որոնք տարան դեպի Փարիզ եւ Քի Վեստ: Բայց այդ ժամանակ արդեն խոսքը ոչ թե տարածքների մեխանիկական փախանակման, այլ տարբեր սխեմաներով հաղորդակցության ուղիների ստեղծման մասին էր, ինչը կարելի է համարել մոդիֆիկացված «Մեղրիի տարբերակ»: Այդ իրավիճակում Հայաստանի հանդեպ Ռուսաստանի տրամադրության նման կտրուկ շրջադարձը հասկանալի է:

– Իսկ Օսկանյանն այն օրերին շատ էր սիրում խոսել կոմպլեմենտար քաղաքականությունից:

– Եկեք հասկանանք, թե ինչ է նշանակում կոմպլեմենտարիզմ: Երբ հետեւում ենք պարոն Օսկանյանի քայլերին, ապա հստակ նկատելի են Ռուսաստանից հնարավորինս տարանջատվելու եւ ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ հարաբերությունները առավելագույնս խորացնելու կոնկրետ գործողություններ: Հենց նրա ժամանակ է ստորագրվել ՆԱՏՕ-ի հետ անհատական  գործընկերության գործողությունների ծրագիրը, որտեղ, հստակ նշված է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վերջնակետը Եվրամիության անդամակցությունն է: Եվ այդ փաստաթղթով ՆԱՏՕ-ն ՀՀ անվտանգության ապահովման վերաբերյալ որեւէ պարտավորություն չի ստանձնում, իսկ Հայաստանը պարտավորվում է մարդկային եւ ֆինանսական բոլոր ռեսուրսներով ապահովել մասնակցությունը այդ փաստաթղթով նախատեսված բոլոր միջոցառումներին` ներառյալ խաղաղարար բրիգադի պատրաստումն ու մասնակցությունը ՆԱՏՕ-ի կազմակերպած առկա եւ հետագա օպերացիաներին:

Ի դեպ, այստեղ հարց է ծագում, թե ով էր լիազորել այդ կարգի փաստաթուղթ ստորագրել: Հենց այստեղ պետք է փտնրել պատասխանը, թե ինչո՞ւ եւ ի՞նչ նպատակներով են  ստեղծվել եւ ֆինանսավորվել Օսկանյանի տարատեսակ ֆոնդերը: Ու ասեմ, որ նրա արածի հանդեպ շատ համեստ փոխանցումներ են եղել:

Եվ այս պարագայում պարզ է, թե ինչ  մոտեցում պետք է որդեգրեր Ռուսաստանը: Սա էր Օսկանյանի կոմպլեմետարիզմի արդյունքը:

ՎԱՂԱՐՇԱԿ ՎԱՌՆԱԶԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ- Ծնվել է 1956թ. ապրիլի 28-ին Ախալքալաքում, զինվորականի ընտանիքում: Սովորել է Կիրովի անվան բարձրագույն ռազմանակն ուսումնարանում, մարշալ Գրեչկոյի անվան ռազմանան ակադեմիայում եւ Մարշալ Տիմոշենկոյի անվան Գլխավոր շտաբի ակադեմիայում: 1978-90թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 
Վ. Հարությունյանն առաջիններից մեկն էր խորհրդային այն սպաներից, որ թողնելով ծառայությունը Խորհրդային զինված ուժերում` 1990-ականների սկզբներին եկավ Հայաստան: 1991-92թթ. աշխատել է` որպես ՀՀ ներքին գործերի փոխնախարար: 1991-92թթ.-ին ղեկավարել է ՆԳ կազմում զինված ստորաբաժանումների ձեւավորման աշխատանքները ¥որոնց հիման վրա էլ ձեւավորվեցին ՀՀ զինված ուժերը¤, ապա ակտիվ մասնակցություն ունեցել արցախյան պատերազմին: Զուգահեռաբար` 1991թ. մայիսից Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղալալն էր: 1992-96թթ. Վ. Հարությունյանը եղել է ԱՊՀ միավորված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ, 1996-1999թ.` ԱՊՀ մասնակից-պետությունների ռազմական համագործակցության կոորդինացման շտաբի պետի տեղակալ, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ: 1999-2000թթ.` ՀՀ պաշտպանության նախարար: 
Գեներալ-մայոր (19.09.1994թ.), գեներալ-լեյտենանտ (20.09.1996թ.):

(Իհարկե, որպես հավելում, պարզապես չենք կարող չներկայացնել, թե մեր օրերում ինչի վերածվեց Վ.Հարությունյւանը: Նիկոլի երդվյալ կողմնակցի, ով 44-օրյա պատերազմի ժամանակ նրա ռազմական խորհրդականն էր: Թե ինչ խորհուրդներ տվեց, ցույց են տալիս պատերազմի արդյունքները: Հետո նշանակվեց Պաշտպանության նախարար եւ շատ արագ, չգիտես ինչ հիմքով, հանձնեց այն տարածքները, որ պատերազմից հետո հայկական վերահսկողության տակ էին մնացել եւ ենթական չէին նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության դրույթներին: Դրանով, ըստ էության, հարվածի տակ դրեց ողջ Սյունիքը` մեծապես նպաստելով արտաքինուժերի այն ավելի վատթար ծրագրերին, որոնք դրված էին իր իսկ կողմից ժամանակին քննադատվող «Մեղրիի միջանցքի» սցենարի տակ: Այդ ազգադավության համար Վ. Հարությունյանին, որպես պարգեւ, նշանակեցին ՌԴ-ում դեսպան, ու նրա դեսպանական փուլում զրոյացվեցին ռուս-հայկական հարաբերությունները):

(Շարունակելի)

Share This