Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն <<Բրեքզիթ>>-ի ճակատագրի վերաբերյալ որոշում կընդունեն մինչև դեկտեմբերի 13-ը

Լուրջ հակասությունները շարունակում են խանգարել Լոնդոնին և Բրյուսելին ազատ առևտրի և ապագա հարաբերությունների ձևաչափի շուրջ համաձայնության գալուն` Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալուց հետո (Brexit): Կողմերը կշարունակեն խորհրդակցությունները, իսկ բանակցությունների վերջնական ճակատագիրը պետք է որոշվի մինչև դեկտեմբերի 13-ը:

Այս մասին հայտարարել է Բրիտանիայի կառավարության ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչը` չորեքշաբթի Բրյուսելում կայացած եռաժամ աշխատանքային ընթրիքից հետո, որին մասնակցում էին Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի գլխավոր բանակցողները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Վարչապետը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը պայմանավորվել են հետագա բանակցություններ վարել կողմերի ներկայացուցիչների միջև առաջիկա օրերին: Վարչապետը ցանկանում է, որ ուսումնասիրվեն գործարքի հասնելու բոլոր հնարավոր ուղիները: Վարչապետը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը համաձայնության են եկել նաև, որ երկխոսության ճակատագրի վերաբերյալ հաստատուն որոշում պետք է կայացվի մինչև կիրակի օրը»,-տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի կառավարության ներկայացուցիչը:

Նա հավելել է, որ չորեքշաբթի երեկոյան տեղի ունեցած զրույցն անկեղծ էր, բայց կողմերի միջև «շատ լուրջ տարաձայնություններ» են մնում, և «դեռ վստահություն չկա, որ դրանք կհաղթահարվեն»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )