Մեդիան, որ փոխեց մարդուն 12 Դեկտեմբեր

Երբ երկրաշարժը եղավ, ես հինգերորդ դասարանում էի սովորում, աշխարհագրությունից երկու օր առաջ էինք անցել երկրաշարժերի մասին, եւ երկու օր էր, ինչ փորձում էի ու չէի կարողանում պատկերացնել, թե ինչպես է հողը շարժվում։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես պատուհանները սկսեցին դղրդալ ու ջարդվել, ինչպես էր հատակը թեքվում, ասես նավաբեկության ենթարկվող նավի մեջ լինեինք, եւ աշակերտական սեղանները սենյակի մի ծայրից մյուս ծայրն էին հոսում։ Երբեք չեմ մոռանա ուսուցչին սեղմված իմ համադասարանցիների գոռոցները, ուսուցչի սարսափած դեմքը, ինձ, որ տունդարձի ամբողջ ճանապարհին ծիծաղում էի, եւ եղբորս սթափեցնող ապտակը։
Գրող Վահրամ Մարտիրոսյանը, իր «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» ցուցահանդեսի համար ուսումնասիրելով երկրաշարժի լուսաբանումը խորհրդային մեդիայում, հայտնաբերել է, որ երկրաշարժի հաջորդ օրերին համամիութենական ամենակարեւոր լրագրերը ոչ մի խոսք չէին գրել երկրաշարժի մասին։ Այդպես Կոմունիստական կուսակցությունը պատժում էր հայերին ըմբոստության համար։ Սակայն կարծես թե խորհրդային լրագրության առանձնահատկությունն էր հրատապության հանդեպ անտարբերությունը, սերը հավերժական արժեքների ու վերժամանակյա «լուրերի» նկատմամբ, որոնք անփոփոխ էին եւ կոչված էին ցուցադրելու Կոմկուսի կառուցած աշխարհի հաստատուն ու անսասան հիմքերը։ Խորհրդային Միությունը հոգատար ծնողի պես «պաշտպանում» էր իր քաղաքացիներին տեղեկատվությունից, սակայն ինքն անկարող էր դիմանալու տեղեկատվական դարաշրջանի գալստյանը։ Վերոհիշյալ ցուցադրությունը Մեդիա նախաձեռնությունների «Լրատուն» օնլայն թանգարանի մի մասն է հիմա եւ պատմում է, թե ինչպես Սպիտակի երկրաշարժը վերափոխեց խորհրդային մեդիան, ինչպես դարձրեց այն բաց՝ դրսի ազդեցությունների համար։ Դիտելով «ցուցանմուշները»՝ հիշեցի, որ իմ առաջին շփումը մեդիայի հետ երկրաշարժի առիթով է եղել։ Երկրաշարժից հետո քույրս վախենում էր տուն մտնել, ինձ էլ թույլ չէր տալիս, եւ մենք քնում էինք բակում, կրակի մոտ, վերմակներով ծածկված, չտեսնված աստղալից երկնքին նայելով։ Տաք ձմեռ էր, բայց, այնուամենայնիվ, ձմեռ էր, եւ մայրս ինձ ու քրոջս որոշեց տարհանման հանձնել՝ առաջին պատահած ուղղությամբ, որն էր՝ Բելառուսիա, «Զուբրյոնոկ» էլիտար պիոներական ճամբար։ Մեզ ուղարկելուց հետո, շատ չանցած՝ ինքն էլ գնաց Վրաստան՝ տարհանվող երեխաների այլ խմբի հետ, որոնց ուսուցիչն էր։ Երկրաշարժից հետո հեռախոսակապը խաթարվել էր, բայց մարդիկ իրար նամակ էին գրում, մարդկանց միջոցով էին լուրեր հաղորդում, մենք գիտեինք մորս տեղը, նա էլ, բնականաբար, գիտեր մեր տեղը եւ երկու ամիս անց եկավ մեզ մոտ։ Մայրս շատ է սիրում շփվել մարդկանց հետ, ինքնաթիռում խոսքի էր բռնվել, պատմել, որ գնում է դուստրերի մոտ։ Իսկ ինքնաթիռի մեջ լրագրողներ էին եղել։
Ես տասը տարեկան էի, երկու ամիս չէի տեսել մորս ու երբ իմացա, որ եկել է, առանց վերարկու հագնելու, առանց գլխարկ դնելու, տեղացող ձյան տակ սկսեցի վազել, հասա ու փաթաթվեցի նրան։ Հանկարծ բոլոր կողմերից ֆոտոապարատներ սկսեցին չխկալ ու լույս արձակել։ Մայրս հասել էր ինձ՝ մեծ տեսախցիկներով ու լուսանկարչական ապարատներով զինված լրագրողների ուղեկցությամբ։ Հաջորդ օրը մեզ ցույց էին տալիս հեռուստացույցով․ ես ու մայրս, իրար փաթաթված, հայտնվել էինք բելառուսական եւ համամիութենական թերթերի առաջին էջերին, ու մեր գլխավերեւում մեծ գլխատառերով գրված էր․ «Մայրն ու դուստրը կորցրել էին իրար երկրաշարժի ժամանակ»։
Զվարճացանք, իհարկե։ Դա մեդիագրագիտության իմ առաջին դասն էր։ Ես իմացա, որ լրագրության գործառույթը մարդկանց լուր հասցնելը չէ, անաչառ լինելը չէ, իրականությունը լուսաբանելը չէ, այլ զուգահեռ իրականություն ստեղծելը։ Հիմա, երեսունմեկ տարի անց, ես տեսնում եմ, որ այդ զուգահեռ իրականությունն ամբողջովին փոխարինել է իրականությանը։ Մենք ոչ միայն անկանոն ու տարերայնորեն սպառում ենք տեղեկատվությունը, այլեւ զուգահեռաբար արտադրում ենք այն, ինչպես կյանքի առաջացման շեմին ցիանոբակտերիաներն էին արտադրում ու միաժամանակ սպառում թթվածինը։ Նոր ժամանակների թթվածինը տեղեկատվությունն է։ Այն չի ներկայացնում մեզ իրականությունը, չի դարձնում մեզ ավելի երջանիկ կամ պաշտպանված, հակառակը՝ հարվածում է մեր ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, բայց դրանից դուրս պարզապես կյանք չկա։ Նոր ժամանակների իմաստնությունն ասում է՝ եթե դու չկաս համացանցում, ուրեմն գոյություն չունես։ Մենք անընդհատ փորձում ենք հայտարարել մեր գոյության մասին եւ ինքներս հավաստիանալ, որ կանք՝ սոցիալական կայքերում գրառում անելով ու նկար հրապարակելով, մեկնաբանելով ինչ-որ հոդվածներ, «լայքեր» դնելով, մեկնաբանություններ թողնելով կայքերում, հոդվածների տակ, փոխարինելով իրական շփումը վիտուալ շփմամբ եւ անվերջ կորցնելով մեր մարմնականությունը։ Մենք այլեւս ունակ չենք տեսնելու, ասենք, աստղալից երկինքը, եթե մեդիան մեզ այն ցույց չտա։ Մենք մարդաբանական նոր տեսակ ենք՝ այդ տեսակի առաջին ներկայացուցիչները, որոնց կյանքի մի մասն անցել է ուրիշ դարաշրջանում, թվում է, թե ոչ թե երեք տասնամյակ, այլ մի քանի հազարամյակ առաջ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )