Մարսելի «ARAM» միության Հայոց ցեղաuպանnւթյան փաստավավերագիր նյութերը կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում

Հայաստանի Պատմության թանգարանում ապրիլի 25-ին կբացվի և մեկ ամիս կգործի  Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված «Քէմբ Օտտօ, Մարսէյլ. պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշները կպատմեն  Հայոց ցեղասպանության մասին, այն բնակավայրերի մասին, որտեղ Հայոց ցեղասպանությունից փրկված հայերն են հաստատվել, այդ թվում նաև Մարսելի։

Ցուցադրությունում կներկայացվեն Մարսելում գործող «ARAM» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության  կողմից հավաքված Ցեղասպանության փաստավավերագիր նյութեր, որոնք արտացոլում են Ֆրանսիայի Մարսել քաղաքի Քէմբ Օտտօ կացարանում Ցեղասպանությունից փրկված հայ գաղթականների առօրյան։ Այդ ցուցանմուշներն արդեն Հայաստանում են՝ Հայաստանի պատմության թանգարանում։

«Այդ նյութերն առաջին անգամ են լքում Մարսելը։ «ARAM»  միությունը իր ցուցանմուշներից մեկը՝ նանսենյան անձնագիրը նվիրում է մեր թանգարանին, որը տեղ կգտնի մեր հետագա ցուցադրություններում։ Այդ շրջանը ներկայացնող կարևոր մասունք է, որը կպատմի նանսենյան անձնագրերի և փրկված հայերի պատմության մասին։

Պատմության թանգարանում շատ քիչ ունենք նմանատիպ նվիրական մասունքներ։

Սա կարևոր հայրենասիրական քայլ է, հարստանում է թանգարանի հավաքածուն այդ շրջանի մեր մշակութային ժառանգության նյութերով»,- լրագրողներին ասաց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։

Ցուցահանդեսը, նրա խոսքով, հետաքրքիր կամուրջ կդառնա Հայաստանի ու Մարսելի հայ համայնքի միջև, կպատմի  մեր ընդհանուր պատմության մասին։

Մարսելի բերված նյութերի հետ ներկայացվելու են Հայաստանի պատմության թանգարանում պահվող ցուցանմուշների հետ միասին։

«ARAM» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միությունը տևական ժամանակ հավաքում է մարսելահայերի պատմությունները՝ սկսած այն ժամանակներից, երբ հայերը Ցեղասպանությունից հետո հատատվեցին Մարսելում, հատկապես Մարսել քաղաքի Քէմբ Օտտօ կացարանում Ցեղասպանությունից փրկված հայ գաղթականների պատմությունները։

«Այսօր էլ «ARAM» միությունը շարունակում է հայրենասիրական գործունեությունը՝ հավաքելով այս պատմությունները»,- ասաց Դ.Պողոսյանը։

Ցուցանմուշները Հայաստան բերած  «ARAM» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության տնօրեն Աստղիգ Արթին Լուսիքյանը լրագրողներին ասաց, որ իրենց արխիվները հավաքվել են Հայոց ցեղասպանությունից հետո հայերի՝ Մարսել մուտք գործելուց անմիջապես հետո։

«Նրանք բնակվեցին տարբեր հյուրանոցներում, մի մասը՝ Օտտօ ճամբարում, որը բացվել է 1922 թվականից ու գործել մինչև 1927 թվականը։ Այդ հինգ տարիների ընթացքում 5000-ից ավելի մազապուրծ եղած հայերի է ապաստանել։ Նրանց տվյալները թվայնացաված են։ Փրկված հայերի մեծ մաստ Սիվազի հատվածից են»,- ասաց նա։

Ցուցանմուշների թվում են լուսանկարներ, գրքույկներ, որոնցում ներկայացված եմ Մարսելում բնակված հայերի տվյալները, գրքերը, որոնք հրատարակվել էին հատուկ հայերի համար, որպեսզի հնարավորինս շուտ սովորեին ֆրանսերեն, ձայնասկավառակներ, այդ շրջանում հայերին տրված անձնագրերը։

«Կան անձնագրեր, որոնցով ցույց են տրվում, որ հայերը արտաքսվել են իրենց հայրենիքից ու այևս չեն կարող վերադառնալ Արևմտյան Հայաստան»,- ասաց Ա. Լուսիքյանը։

Ցուցահանդեսում ներկայացված կլինի զույգ կոշիկ, որը կարված են 1915 թվականին Տրապիզոնում Լյուդվիգ Ավետյանի կողմից։ Կոշիկը հենց Լյուդվիգ Ավետյանն է իր հետ տարել Մարսել, որը այնուհետև վերանորոգվել է։

«ARAM» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միությունը ստեղծվել է է Աստղիգ Արթին Լուսիքյանի հոր՝ Կարպիս Արթինի կողմից 1957 թվականին։ Աստղիգ Արթին Լուսիքյանի պապիկը նույնպես Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերից է։ Նա եղել է Սիվազ շրջանից։

«Հայրս ցանկացավ ստեղծել միություն՝  ի հիշատակ գաղթած հայերի»,- ասաց Աստղիգ Արթին Լուսիքյանը։

Նանսենյան անձնագիր՝ անձը հաստատող ժամանակավոր վկայական էր, որը տրվել էր փախստականներին և քաղաքացիություն չունեցող անձանց Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Մտցրել է Ազգերի լիգան՝ Ֆրիտյոֆ Նանսենի (այստեղից էլ՝ անվանումը) նախաձեռնությամբ Ժնևում հրավիրված կոնֆերանսի որոշմամբ (1922)։ Գերբի փոխարեն անձնագրում ամրացվել է Նանսենի դիմանկարով նամականիշ։

Տրվել է ավելի քան 450 հազար գաղթականների։ «Նանսենյան անձնագիր» ստացած անձինք օգտվել են կոնֆերանսի մասնակից երկրներում բնակվելու, ազատ տեղաշարժվելու իրավունքից, նրանց նկատմամբ դադարել են գործել քաղաքացիություն չունեցողների համար նախատեսված սահմանափակումները։ Ազգերի լիգայի որոշմամբ (1924 թ․-ի հուլիսի 12) Մեծ եղեռնից փրկված շուրջ 320 հազար հայեր, որոնք դեգերում էին տարբեր երկրներում, ստացել են «Նանսենյան անձնագիր»։

1942 թվականին այս անձնագիրը ճանաչվեցլ է 52 երկրների կառավարությունների կողմից և դարձել փախստականների համար առաջին ճամփորդական փաստաթուղթը։

Share This