Մարդկանց ձայնը պետք է լսել. Գագիկ Ծառուկյան

Էն փաստը, որ բոլոր փոփոխությունների ժամկետները, պայմանները անընդհատ փոխվում են, խոսում է այն բանի մասին, որ դրանք թերի են, լավ հաշվարկված չեն։

– Դուք ասացիք, որ երկրում առկա է սոցիալական լուրջ դժգոհությունների ալիք, և այն պահանջում է համարժեք արձագանք։ Ի՞նչ ասել է «համարժեք առաջարկ», ի՞նչ եք առաջարկում Դուք։

-Ես էլ հարց ունեմ, արդյոք շրջհարկը կրկնապատկող կառույցների ղեկավարները հաշվարկե՞լ են, թե քանի՞ բիզնես կարող է փակվել, քանի՞ աշխատատեղ կփակվի և քանի՞ ընտանիք կարող է արտագաղթել: Ի՞նչ է դժվար է այդ հաշվարկ -կանխատեսումն անել: Փոքր ձեռնարկությունների բողոքն ամենևին անսպասելի չէ, մարդիկ պայքարում են իրենց գոյատևման համար, սա սոցիալական հարց է :

Տեսեք. խնդիր են դնում, որ փոքր և միջին բիզնեսի ձեռք բերած ապրանքների և ծառայությունների ամբողջ ծավալը փաստաթղթավորվի։ Սա գործնականում հնարավոր չէ, և դա բոլորը գիտեն: Սակայն հենց դրանից է կախված շրջհարկի տոկոսի չափը։ Պետք է գտնել ձև՝ չնեղելու փոքր ու միջին բիզնեսին, ոչ թե ծանրաբեռնել նրանց այնքան, որ շնչել չկարողանան։

Կյանքը ցույց է տալիս, որ փոփոխությունները լավ հաշվարկված չեն, ունեն մշակման, ավելի խորքային ուսումնասիրության կարիք։ Հետևաբար, կարծում եմ, դրանք պետք է ժամանակավորապես սառեցնել, խոսել մասնագետների հետ, շահառուների հետ։ Չի կարելի անունը դնել «բարեփոխում», երբ այդ ոլորտի բոլոր շահառուները տուժում են։ Այդպիսի բարեփոխում չի լինում։ Այսպես լարվածությունը չի հանգստանալու։ Ցանկացած իշխանություն նման փոփոխությունների գնալուց առաջ պետք է խոսի այդ ոլորտի ներկայացուցիչների հետ։ Ուժային մեթոդներով, առանց քննարկումների, «եկանք-մենք մերոնցով քվեարկեցինք» տարբերակը չի աշխատում։

Զուտ՝ մարդկայնորեն, ես կարող եմ առաջարկել. ավելի լավ է խոշոր բիզնեսին ավելի նեղել, ավելի շատ հարկել, բայց հանգիստ թողնել շրջհարկով աշխատող մարդկանց։ Խոշորները 2-3 հազարն են, փոքր և միջինները՝ 60-70 հազար տնտեսվարող։ Ինչո՞ւ տարիներ առաջ կիրառվեց շրջանառության հարկը: Պատասխանը միակն էր՝ խթանելու համար փոքր և միջին բիզնեսը: Հիմա, եթե մենք ուզում եք հրաժարվել նրանց խրախուսելու մտքից, պետք է այդպես էլ ասենք:

Ժողովրդի և բիզնեսի հետ չի կարելի փորձարկումներ անել։ Փոքր, միջին բիզնեսը պետության կարևոր հենասյուններն են։ Բիզնեսի այդ շերտը եթե քանդվեց, դրա հետևանքները լինելու են աղետալի։

Share This