Մարդիկ փորձում են շարժել ականջները, երբ լարված լսում են ինչ-որ մեկին. Frontiers in Neuroscience
Մարդիկ փորձում են շարժել ականջները, երբ լարված լսում են, պարզել են գիտնականները։
Ականջները շարժելը վճռական նշանակություն ունի շատ կենդանիների համար՝ ոչ վերջին հերթին օգնելով նրանց ուշադրությունը կենտրոնացնել որոշակի ձայների վրա եւ որոշել, թե որտեղից են դրանք գալիս։
Եվ թեեւ մարդու ականջը շատ ավելի կայուն է, մեր նախնիների ականջների կողմնորոշման համակարգի հետքերը պահպանվել են այն բանում, ինչը գիտնականներն անվանել են «նեյրոնային հանածո»։
«Կարծիք կա, որ մեր նախնիները կորցրել են ականջները շարժելու ունակությունը մոտ 25 մլն տարի առաջ։ Թե ինչու հենց այդպես՝ դժվար է ասել»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ Անդրեաս Շրեերը Սաարի համալսարանից (Գերմանիա)։
Ավելի վաղ հետազոտողների թիմը հայտնաբերել էր, որ այդ մկանների շարժումը մարդկանց մոտ կապված է հնչյունների ուղղության հետ, որոնց վրա նրանք ուշադրություն են դարձնում։ Այժմ նրանք հայտնաբերել են, որ այդ մկաններից որոշները ակտիվանում են, երբ մարդը լարված ձայներ է լսում։
Հոդվածի (որը հրապարակվել է Frontiers in Neuroscience ամսագրում) հեղինակները պատմել են, որ խնդրել են 20 հասուն մարդկանց, որոնք լսողական խնդիրներ չեն ունեցել, լսել աուդիոգիրք ձայնասփյուռների օգնությամբ այն դեպքում, երբ նույն տեղից հնչել է պոդքաստ։
Թիմն ստեղծել է երեք տարբեր սցենար. «ամենահեշտ» սցենարի դեպքում փոդքաստը ավելի հանգիստ էր, քան աուդիոգիրքը՝ ձայների բարձրության մեծ տարբերությամբ: «Ամենադժվար» սցենարի դեպքում երկու փոդքաստ է վերարտադրվել, որոնք ընդհանուր առմամբ ավելի բարձր են եղել, քան աուդիոգիրքը, ընդ որում, փոդքաստներից մեկը հնչել է նույն հաճախականությամբ, ինչ աուդիոգիրքը:
Յուրաքանչյուր մասնակից կրել է էլեկտրոդների հավաքածու, որոնք թույլ են տվել հետազոտողներին գրանցել ականջի շարժման մեջ ներգրավված մկանների արտադրած էլեկտրական ակտիվությունը:
Յուրաքանչյուր փորձարկումից հետո մասնակիցներին խնդրել են գնահատել, թե որքան ջանք են ծախսել աուդիոգիրքը լսելու վրա:
Գիտնականները պարզել են, որ ականջի վերին մկանների ակտիվությունը, որոնք ականջը վեր ու վար են շարժում, ավելի բարձր է լսելու ամենաբարդ պայմաններում, քան թեթեւ եւ միջին պայմաններում։ Նրանք նաեւ հայտնաբերել են, որ ականջի հետին մկանները, որոնք ականջը հետ են քաշում, ավելի ակտիվ են եղել, երբ ձայները լսվել են մասնակցի հետեւից, ոչ թե առջեւից։