Մասիսի քաղաքապետը ոչ մի կերպ չի ցանկանում հեռանալ

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն իշխանափոխության օրերին ամենաօդիոզ դեմքերից էր՝ ակտիվիստների եւ հեղափոխականների թշնամին, հեղափոխական ծեծողի եղբայրը։ Հանրային ատելության կիզակետում նա իր տեղը կիսում էր թերեւս միայն Մանվել Գրիգորյանի հետ։ Բայց խուլիգանության մեջ մեղադրվող քաղաքապետի նկատմամբ ճակատագիրն ավելի բարեհաճ գտնվեց, քան գեներալի։ Սեւ ու սպիտակ օրերը հաջորդում էին միմյանց։
Նա մի քանի անգամ կալանավորվել է ու ազատվել կալանքից։ Վերջին անգամ ազատ է արձակվել 5 մլն դրամ գրավի դիմաց։ Մեղադրվում էր երկու հոդվածով՝ զանգվածային անկարգությունների եւ խուլիգանության։ Բայց հետո հոդվածներից մեկով հետապնդումը կարճվեց հանցակազմի բացակայությամբ, իսկ մյուսով մեղմացում տեղի ունեցավ։ «Խուլիգանության» չորրորդ մասը դարձավ երրորդ՝ «խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից»։ Անցյալ տարի Քննչական կոմիտեն նրա գործը, ի թիվս 8 հոգու, ուղարկեց դատարան։ Այս գործով վերջին նիստը նոյեմբերի 7-ին էր։ Նիստերը ձգձգվում են։ Վերջին երկու ամսում ձգձգումների պատճառը դատախազների վերապատրաստումներն են եղել։
Ըստ մեղադրականի՝ նա «2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք եւ զուգորդվել նույն օրը ժամը 19։00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի եւ որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով եւ գույքը ոչնչացնելով»։
Բայց ամբաստանյալ Դավիթ Համբարձումյանը ոչ մի կերպ չի կարողանում հրաժարվել քաղաքապետի պաշտոնից։ Դատախազությունն անցյալ տարի, դեռեւս նախաքննության փուլում, որոշեց ժամանակավորապես դադարեցնել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտոնավարումը, սակայն Համբարձումյանը հրաժարվեց այն կատարել։ «Դատախազի լիազորությունը վերաբերում է միայն այն պաշտոններին, որոնք պետական ծառայության կամ քաղաքացիական ծառայության, կամ քաղաքացիական հատուկ ծառայության հաստիքացուցակներում են գրանցված։ Այդ լիազորությունը որեւէ կերպ չի վերաբերում քաղաքական, ընտրովի պաշտոնների։ Դատախազը շատ մեծ ցանկության դեպքում անգամ չի կարող կասեցնել կամ դադարեցնել քաղաքական պաշտոնները։ Դավիթ Համբարձումյանի պաշտոնավարումը դադարեցնելու որեւէ իրավական հիմք չկա ու չի կարող լինել»,- ասաց Դավիթ Համբարձումյանի պաշտպան Ռազմիկ Հարությունյանը։ Ճիշտ է, նա նաեւ խոստովանեց, որ Դավիթ Համբարձումյանը պարբերաբար իր հաշվին արձակուրդ է վերցնում։ Մասիսի քաղաքապետարանից էլ հայտնեցին, որ հենց այս ամիս քաղաքապետն արձակուրդում է՝ առողջական խնդիրների պատճառով, եւ աշխատանքի է վերադառնալու դեկտեմբերին։
Փաստորեն, ամբաստանյալի կարգավիճակը, այնուամենայնիվ, խանգարում է քաղաքապետի լիազորությունների կատարմանը, բայց ամենեւին չի խանգարում նոր իշխանության համար ցանկալի անձ լինելուն։
Արարատի մարզում համառորեն լուրեր են պտտվում, թե ակտիվիստների թշնամի ու հակահեղափոխական իմիջ ունեցող քաղաքապետը ջերմ հարաբերություններ ունի Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ, որ նա խիստ ցանկալի անձ է նրա համար։ «Այն աստիճան ջերմ հարաբերություններ ունի, որ քաղաքապետը 150 հազար դրամ արժողությամբ գրիչ է նվիրում մարզպետին»,- հայտնում է Արարատի մարզի մեր աղբյուրը։ Մարզպետ Գարիկ Սարգսյանն էլ այնքան է հարգում Համբարձումյանին, որ նույնիսկ նրան Գոռավան համայնքում իր կազմակերպած խնջույքին է հրավիրել։ Գոռավանի համայնքապետ Արսեն Բազիկյանը մեզ հետ զրույցում հերքեց նման դեպքը։ «Խնջույք կազմակերպողը, խնջույքի հրավիրողը ես պետք է լինեմ, ես էլ ասում եմ՝ չի եղել նման բան»,- հեռախոսով ասաց նա մեզ։
Փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը Դավիթ Համբարձումյանին լրագրողներից կրծքով պաշտպանելու տակտիկա է ստանձնել։ Նա ասաց, որ բոլոր խոսակցությունները Համբարձումյանի անձի շուրջ զրպարտություն են։ «Նման նվերի մասին ինձ հայտնի չէ, ես բացառում եմ, որ նման բան եղած լինի»,- ասաց նա Գարիկ Սարգսյանին, իբր, նվիրաբերած գրիչի մասին։ Խնջույքի վերաբերյալ էլ հայտնեց․ «Բնականաբար, քաղաքապետը՝ որպես ՀՀ քաղաքացի, տարբեր տեղերում տարբեր միջոցառումների է մասնակցում։ Չեմ կարծում, որ որեւէ մեկին հետաքրքիր լինի, թե Մասիսի քաղաքապետն արձակուրդի օրերին որտեղ է անցկացնում իր ժամանցը կամ հանգիստը՝ կլինի դա Երեւանի կամ Գոռավան համայնքի որեւէ սրճարանը»։ Փոխքաղաքապետը հերքում է նաեւ մարզպետի եւ Դավիթ Համբարձումյանի միջեւ ջերմ հարաբերությունների առկայությունը։ «Նա վերցնում է արձակուրդ 5 օր, 7 օր, 10 օր։ Քաղաքապետի արձակուրդ գնալն ու գալը ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթների շրջանակում է»։
Բա ե՞րբ է աշխատում, ամբաստանյալի կարգավիճակն իրեն չի՞ խանգարում, որ կատարի քաղաքապետի պարտականությունները։ «Ոչ, որեւէ կարգավիճակ չի խանգարում կամ սահմանափակում նրան, որ նա իր պարտականությունները հստակ կատարի՝ կլինի մեղադրյալի կամ ամբաստանյալի կարգավիճակը»,- նշում է Մասիսի փոխքաղաքապետը։
Այնուամենայնիվ, համայնքի բնակիչները գոհ չեն Մասիս քաղաքի սանիտարական վիճակից, որի պատասխանատուն Դավիթ Համբարձումյանի սանիկ Լյովա Խաչատրյանին պատկանող «Մաքուր Մասիս» ՓԲԸ-ն է։ Նրանք բողոքում են հավերժական գարշահոտությունից, որը, կարծես, արդեն այս քաղաքի «բրենդն» է դարձել։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )