Մայիսի 9-ին Գյումրիում հանդիսավորությամբ մեկնարկեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումները

Մայիսի 9-ին Գյումրիում հանդիսավորությամբ մեկնարկեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումները։ Տոնական օրակարգի առաջին կանգառը Մայր Հայաստան հուշահամալիրն էր, որտեղ վաղ առավոտյան տեղի ունեցավ հիշատակի արարողություն՝ զինվորական նվագախմբի կատարմամբ և հայրենական պատերազմին նվիրված երգերով։

Միջոցառմանը մասնակցում էին Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը, համայնքապետի առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանը, երկրորդ տեղակալ Գագիկ Մանուկյանը, Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, ինչպես նաև ռուս զինվորականներ և ռուսական համայնքի ներկայացուցիչներ։

Հուշահամալիրի տարածքում տեղադրված էր նաև խորհրդանշական ռազմական տեխնիկա, որը մեծ հետաքրքրությամբ դիտում էին ներկաները՝ հատկապես երեխաներն ու երիտասարդները։ Ցուցադրված ռազմական միավորները հիշեցում էին պատմական դժվարին ճանապարհի, որի արդյունքում հնարավոր դարձավ Հաղթանակը։

Իր ելույթում Վարդան Ղուկասյանը նշեց, որ Հաղթանակի օրը խորհրդանշում է հերոսություն, տոկունություն և հայ-ռուսական եղբայրության անխզելի կապը։ Նա շեշտեց, որ երկու ժողովուրդները միասին անցել են ծանր փորձությունների միջով՝ միասին կռվելով, արյուն թափելով և Հաղթանակ կերտելով։

Գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովն իր խոսքում կարևորեց պատմական հիշողության պահպանումը և այն նոր սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով հայ-ռուսական դարավոր բարեկամությունն ու համատեղ հաղթանակի արժեքը։

Share This