Մամիջանյանը Սրբուհի Գալյանին ԵԽ պատգամավորների ներկայությամբ հարցրեց քաղբանտարկյալների մասին
Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ, որին ներկա են ԵԽ պատգամավորներ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին մի քանի հարց ուղղեց, այդ թվում քաղբանտարկյալների մասին։
»Առաջին կետը ես կուզենայի լսել ձեր դիրքորոշումը CDI-ի՝ կենտրոնամետ դեմոկրատների Միության և Եվրոպական պառլամենտում մեծամասնություն կազմող EPP-ի այն բանաձևերի վերաբերյալ, որտեղ նշվում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ և կառավարությանը կոչ է արվում չօգտագործել օրինապահ համակարգը քաղաքական օպոնենտների դեմ: Մասնավորապես ես խոսում եմ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, ընտրված քաղաքապետեր Մամիկոն Ասլանյանի, Առուշ Առուշանյանի, Բալասանյանների և այլ դեպքերի մասին։
Նաև ես կուզենայի ձեր մեկնաբանությունը Եվրոպական դատավորների միության հայտարարության հետ կապված, որտեղ նշվում էր, որ Հայաստանում դատաիրավական համակարգը խիստ կախում ունի և իշխանությունների ազդեցության տակ է գտնվում:
Այդ թվում նաև ես կուզենայի ձեր դիրքորոշումը վերջերս Բրյուսելում կայացած մարդու իրավունքների հետ կապված Human Rights Dialogue-ի ֆորմատով, երբ ՀՀ իշխանություններին կոչ էր արվում սահմանափակել նախաքննական կալանքների օգտագործումը և տևողությունը»,-ասաց Մամիջանյանը:
Նա խոսեց նաեւ ատելության խոսքի մասին՝ նշելով. «Ես կիսում եմ ձեր կարծիքը, որ ատելության խոսքը չի կարող տեղ ունենալ քաղաքակիրթ երկրի քաղաքական դիսկուրսում, բայց դուք նստած եք պարոն Եղոյանին կողքին, ում ֆրակցիայի քարտուղարը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի՝ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության ժամանակ ընդդիմության կողմից ներկայացված թեկնածուին (Էդգար Ղազարյանին-խմբ) ասել է բառացիորեն «ականջներդ կկտրեմ»: Եվ մինչ օրս որևէ քրեական գործ չի հարուցվել, ոչ ատելության խոսքի, ոչ հարակից հոդվածներով։ Դա կարծում եմ զարմանալի»:
Նա հիշեցրեց նաև, որ վերջերս հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ դատարանն իրականացրել է վարչական սահմանափակում՝ արգելելքով արտահայտվել դատավորների մասին. «Հիշեցնեմ, որ պատճառը հանդիսացել էր ՍԴ դատավոր, իսկ շուտով նաև ՄԻԵԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիմումը, երբ Էդգար Ղազարյանը որակել էր Վահե Գրիգորյանի որոշումներից մեկը։ Կարծում եմ, որ այս հարցերը գտնվում են արդարադատության համատեքստում և էական են մեր այսօրվա օրակարգում»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Ի պատասխան Սրբուհի Գալյանն ասաց, որ նախարարության համար մտահոգիչ է կալանքների՝ որպես նշանակված խափանման միջոց, քանակական աճը, խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է։ «Որպես քաղաքականություն մշակող պետք ասեմ, որ երբ քրեական օրենսգիրքը ընդունվեց, տրամաբանությունն այն էր, որ այլընտրանքային խափանման միջոցներ նախատեսելով պետք է առաջին հայացքից կալանքները ավելի քիչ կիրառվեին։ Մենք նախատեսեցինք տնային կալանքի հնարավորությունը և վարչական վերահսկողության իրականացումը, և այսօր դրանք հաջողությամբ կիրառվում են, եւ այդ դեպքերը շատ են: Բայց այո, զուգահեռաբար աճել է նաև կիրառված կալանքների քանակը։ Մենք պետք է որոշակի չափորոշիչներ և ուղեցույցներ մշակենք կալանքների կիրառման դեպքերը նվազեցնելու հետ կապված և ուղղակի հարցը կոմունիկացնենք իրավապահ մարմինների և դատարանների հետ»:
Ինչ վերաբերում է մնացած հարցերին, Գալյանն ասաց. «Իհարկե առաջին հայացքից դուք խոսում եք ճշմարտությունների մասին, բայց Ձեր կողմից ճշմարտությանը հակադրվում է օրենքի գերակայություն ասված ճշմարտությունը: Կոնկրետ դեպքեր կողմից նշված անձանցից շատերը հետապնդվում են իրենց պաշտոնավարման տարիների ընթացքում կատարած պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։ Դժվար է պատկերացնել, որ այդ հետապնդումները կարող են ունենալ քաղաքական բնույթ։
Եթե դուք խոսում եք այն մասին, որ քրեական հետապնդման են ենթարկվում միայն նախկինում պաշտոն զբաղեցրած անձինք, ապա դա այդպես չէ։ Այս կառավարության օրոք քրեական հետապնդում է հարուցվել գործող նախարարների նկատմամբ, գործող փոխնախարարների նկատմամբ: Այսինքն, եղել են այնպիսի երևույթներ ժողովրդավարության և իրավակարգի ամրապնդման համատեքստում, որոնք երբևէ չեն եղել նախորդ իշխանությունների օրոք։
Այսինքն, խնդիրը այն չէ, որ պետք է թիրախավորվեն կոնկրետ մարդիկ, խնդիրն այն է, որ պետք է թիրախավորվեն կոնկրետ երևույթներ և այդ երևույթների թիրախավորումն է, որ ընկած է կառավարության, ինչպես նաև իրավապահ մարմինների գործելաոճի հիմքում»,-ասաց Գալյանը:
Նա հայտարարեց, որ Հայաստանում դատական իշխանության նկատմամբ իշխանության ազդեցություն առկա չէ. «Դուք նշում եք մի քանի գործեր, որոնցով փորձում եք հիմնավորել որոշակի ազդեցությունը, ես կարող եմ նշել 100 և ավելի գործեր, որոնք ակնհայտորեն այլ ընթացք կունենային, եթե նման հովանավորություն տեղի ունենար։ Այսինքն, պետք չի ամեն ինչ միջազգային գործընկերներին ներկայացնել միակողմանի»,-ասաց նախարարը: