Մահացել է 1982թ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Պաոլո Ռոսին
65 տարեկան հասակում մահացել է իտալացի նախկին հարձակվող, 1982թ աշխարհի չեմպիոն և «Ոսկե գնդակի» դափնեկիր Պաոլո Ռոսին: Այդ մասին հայտնում է Gazzetta dello Sport թերթը: Մահվան պատճառը եղել է թոքերի քաղցկեղը:
1982թ աշխարհի առաջնությունում վեց գոլ խփելով մրցակիցների դարպասը, նա օգնել է իր թիմին նվաճել չեմպիոնի կոչումը՝ եզրափակիչում 3:1 հաշվով հաղթելով ԳՖՀ-ի հավաքականին: Պաոլո Ռոսին հայտնի է նաև նրանով, որ նույն առաջնությունում նա երեք գնդակ էր խփել Բրազիլիայի ընտրանու դարպասը (3:2), որը համարվում էր չեմպիոնի հիմնական թեկնածուն: Այդ տարի նա ճանաչվել է Եվրոպայի և աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:
Պաոլո Ռոսին Իտալիայի հավաքականում անցկացրել է 48 խաղ և խփել 20 գոլ: Նա հանդես է եկել իտալական «Յուվենթուս», «Կոմո», «Վիչենցա», «Պերուջա», «Միլան», «Վերոնա» թիմերում: «Յուվենթուսի» կազմում դարձել է Իտալիայի կրկնակի չեմպիոն, հաղթել եվրոպական չեմպիոնների գավաթում: