Մահացել է ֆուտբոլի 1954թ աշխարհի վերջին չեմպիոնը
Ֆուտբոլի 1954 թվականի աշխարհի չեմպիոն Հորստ Էկելը (լուսանկարում ձախից երրորդը) մահացել է 89 տարեկան հասակում: Այդ մասին տեղեկացնում է գերմանական «Բիլդ» թերթը:
1954թ աշխարհի առաջնությունում Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հավաքականը եզրափակիչում 3:2 հաշվով հաղթել էր Հունգարիայի ֆանտաստիկ թիմին, որը մինչ այդ երեք տարի պարտություն չէր կրել: Ավելին, նույն առաջնության խմբային փուլում հունգարացիները 8:3 հաշվով ջախջախել էին արևմտագերմանացի ֆուտբոլիստներին:
Եզրափակիչ խաղում ամենաերիտասարդ խաղացողը եղել է հենց Հորստ Էկելը, որն այն ժամանակ 22 տարեկան էր: Նա 1954թ ԳՖՀ-ի ոսկե հավաքականից ողջ մնացած վերջին ֆուտբոլիստն էր:
Գերմանացի կինոռեժիսոր Զյոնկե Վորտմանը Հորստ Էկելի անմիջական խորհրդատվությամբ նկարահանել է «Բեռնի հրաշքը» ֆիլմը, քանի որ եզրափակիչ խաղը կայացել էր շվեյցարական այդ քաղաքում: