ՄԱԿ-ի գործակալությունը նշում է Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումների կրճատման մասին

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) նշում է Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումների շարունակական կրճատման մասին: Այս մասին հայտնում է կատարական Al Jazeera հեռուստաալիքը։

Ըստ OCHA-ի՝ 2024 թվականի դեկտեմբերի 1-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Իսրայելի իշխանությունները թույլատրել են ընդհանուր առմամբ 160 բեռնատար վրաններով և նյութերով ժամանակավոր կացարաններ տեղադրել Գազայի հատվածում: Ինչպես նշում է գործակալությունը, սա ընդամենը «փոքրիկ առու» է այն փաստի ֆոնին, որ Իսրայելի պատերազմը Գազայում հանգեցրել է անկլավի 2 միլիոն բնակիչների ավելի քան 90%-ի տեղահանմանը, ընդ որում նրանց մեծ մասը պատսպարվել է ժամանակավոր վրաններում, որոնք չեն ապահովում բավարար պաշտպանություն ջերմաստիճանի կտրուկ անկումից: Գազա մուտք գործող մարդասիրական օգնության մեքենաների քանակի նախապատերազմական միջինը օրական կազմում էր 500 բեռնատար, նշում է Al Jazeera-ն։

Հեռուստաալիքը նաև մեջբերում է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) ներկայացուցչի հայտարարությունը, որը նշել է, որ Գազայի հատված օգնության անբավարար հոսքի պատճառով մարդասիրական խմբերը հայտնվել են այնպիսի իրավիճակում, որ ստիպված են «առաջնահերթություն տալ սննդին, ոչ թե ապաստանին»:

Ավելի վաղ UNRWA-ի ղեկավար Ֆիլիպ Լազարինին հայտարարել էր Գազայի հատվածում ձմեռային ցրտերի և հումանիտար մատակարարումների կրճատման ֆոնին ճգնաժամային իրավիճակի մասին։ Նա մատնանշելէ, որ վերմակների, ներքնակների և ձմեռային այլ պարագաների առաքումները ամիսներ շարունակ կանգ են առել Գազա մուտք գործելու թույլտվության սպասելիս:

Share This