Ճնշման փորձ իրավապահ շրջանակների՞ց
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանին երեկ հարցաքննության են կանչել Կենտրոնի քննչական բաժին։ Նրան տուժող են ճանաչել։ Հիշեցնենք, որ խմբագրությունում օրերս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ գողություն, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, որով որպես պատիժ՝ տուգանք է սահմանված՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով:
Հարցաքննությունից ժամեր անց էլ քննիչները եկել են խմբագրություն, լսել մյուս լրագրողներին, զննել տեղանքը։ «Քննիչն ասաց, որ հատուկ հանձնարարություններ են տրված ոստիկանության կենտրոնի հետաքննիչներին՝ դեպքի հետ կապված մանրամասներ պարզել եւ ներկայացնել Քննչական կոմիտեին»,- երեկ մեր լրագրողին տեղեկացրել է Քնար Մանուկյանը։ Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը եւ նրա նախկին խմբագիր, այժմ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը տեւական ժամանակ է, որ խնդիրներ ունեն իրավապահների հետ։