ՀՔԾ-ն ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ նյութեր է նախապատրաստել
Մեր տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայությունը նյութեր է նախապատրաստվել ընդդիմադիր պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Էդմոն Մարուքյանի դեմ։
Պատգամավորներին կասկածել են քրեորեն պատժելի արարք կատարելու մեջ։ Այն առնչվում է ՀՀԿ ֆրակցիայի նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջ նկատմամբ հարուցված քրեական գործին։
Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին 2018թ. օգոստոսի 7-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի համար (խարդախություն` առանձնապես խոշոր չափերով): Նույն օրը Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն էր ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ֆարմանյանը կալանավորվել էր եւ միայն մեկ ամիս անց ազատ արձակվել՝ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի եւ Նաիրա Զոհրաբյանի անձնական միջնորդությամբ։
Ավելի ուշ Մարուքյանը պարզաբանեց, որ նման խնդրանքով իրենց դիմել է Ֆարմանյանը՝ դեռեւս պատգամավոր եղած ժամանակ։ «Երբ մենք պատգամավորներ էինք Սամվել Ֆարմանյանի հետ, նրա խնդրանքով մտավորական մարդու, թոռնատեր մարդու համար ես և տիկին Նաիրա Զոհրաբյանը տվել ենք երաշխավորություն, և նա ներկայացել է քննությանը: Ես չգիտեմ՝ ինչ է եղել, պարոն Ֆարմանյանը պնդում է, որ քաղաքական հետապնդում է, և նա դրանից հետո չի ներկայացել: Մենք նաև մեր ջանքերն ենք ներդրել, որ ներկայանա, բայց նա էլ արդեն տեղը չգիտի: ՀՔԾ-ն մեզ տեղեկացրել է, որ իրենք արդեն գնալու են կալանավորման ճանապարհով: Օրենքով սահմանված կարգով խափանման միջոցը փոխվել է»,-ասել էր Մարուքյանը:
Հիմա ՀՔԾ-ն կասկածներ է հայտնել, որ Ֆարմանյանի քրոջ փախուստին իրենց աջակցությունն են ունեցել նաեւ միջնորդություն ներկայացրած պատգամավորները։ Երեք օր առաջ եւ Մարուքյանին, եւ Զոհրաբյանին կանչել են՝ առանձին-առանձին հարցաքննության եւ փորձել պարզել՝ արդյոք նախապես չե՞ն իմացել, որ Անահիտ Ֆարմանյանը փախչելու է եւ «հանցավոր համագործակցության» են գնացել նրա հետ։
Սակայն պատգամավորները վրդովվել են քննիչների հարցերից եւ գլխի գցել՝ եթե քրեական գործ հարուցվի, գործ կունենան մեծ խայտառակության հետ։ Սակայն սրանով՝ ՀՔԾ-ն փորձում է պատգամավորներին մեսիջ հղել, որ այսուհետ որեւէ մեկի հարցով երաշխավորություն չներկայացնեն։
Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 346-րդ հոդվածի համաձայն` անձնական երաշխավորի կողմից իր ստանձնած պարտավորությունները չարամտորեն չկատարելը քրեորեն պատժելի արարք է համարվում։ Հոդվածը սահմանում է․ «Անձնական երաշխավորի կողմից իր ստանձնած պարտավորությունները չարամտորեն չկատարելը, որի հետևանքով կասկածյալը կամ մեղադրյալը խուսափել է քննությունից կամ դատից`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»։ Նշանակում է պատգամավորները կասկածվել են իրենց պարտականությունները «չարամտորեն չկատարելու» մեջ։
ՀՔԾ-ից մեզ հայտնեցին, որ հանցակազմի բացակայության հիմքով մերժվել է պատգամավորների նկատմամբ քրեական գործի հարուցումը։