ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՒՈՐ ԵՆ. ՆԱ ԳԵՆԵՐԱԼՆԵՐ ՈՒ ԷՄԻՍԱՐՆԵՐ ՈՒՆԻ ՆՈՒՅՆԻՍԿ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅՈՒՄ
Ապրիլի 21-ին, Սուրբ Զատիկի օրը, 88 տարեկանում մահացավ Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Նա Հռոմի 266-րդ պապն էր:
Շիրակի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Հռոմի պապի ընտրությունը շատ կարևոր է:
«Հռոմի պապը բացառիկ կարևորություն ունի, ինքն ամենափոքր երկիրը լինելով ամենահզոր պետության ղեկավարն է: Նա ունի գեներալներ ու էմիսարներ աշխարհի բոլոր երկրներում, նույնիսկ Սաուդյան Արաբիայում ու Մոնղոլիայում է ներկա»,-ասաց Սրբազան հայրը:
Հարցին, թե ինչ նշանակություն ունի նոր Հռոմի պապի ընտրությունն ու դրա ազդեցությունը համաշխարհային քաղաքականության վրա, հաշվի առնելով այն, որ արդեն հանգուցյալ Հռոմի պապի հանդիպումներ էր ունենում ալիևյան կլանի հետ, Շիրակի թեմի առաջնորդն ասաց, որ մյուս Պապն էլ է հանդիպելու, նրան հաջորդողն էլ ու այդպես շարունակ:
«Հռոմի պապին հետաքրքրում է կաթոլիկ եկեղեցին»,նկատեց արքեպիսկոպոս Աջապահյանը:
Իսկ կաթոլիկ եկեղեցին ինչպես է վերաբերվում Հայ առաքելական եկեղեցուն, ասաց.«Հիմա շատ լավ է վերաբերվում, որովհետև չի կարող այլ կերպ վերաբերվել, բայց այն ժամանակ, երբ կարող էր լավ չվերաբերվել՝ լավ չէր վերաբերվում»:
Հռոմի պապի ընտրությունը կախված է կրոնական, կաթոլիկ, համակաթոլիկ եկեղեցու առաջնահերթություններով:
«Հռոմի պապը ամենուրեք էլ ներկա է եղել՝ քաղաքականության մեջ, ամենուր», ասաց Սրբազանը:
Իսկ թե ո՞վ կամ ովքե՞ր կարող են լինել Հռոմի պապի հավանական թեկնածուները, Շիրակի թեմի առաջնորդն ասաց, որ այդ հարցի պատասխանը նույնիսկ կարդինալները չգիտեն:
Մամուլում պտտվում էր Կաթոլիկ եկեղեցու Արեւելյան եկեղեցիների հարցերով դեպարտամենտի ղեկավար կարդինալ Գուջերոտիի անունը, սակայն Սրբազան Հայրն ասաց, որ վերջինս միգուցե նույնիսկ ընտրություններին չկարողանա մասնակցել:
«Իրենք որոշակի օրենսդրական փակուղու մեջ են, այս երկու օրը կարդինալները կհավաքվեն, կորոշեն: Իրենց օրենքով 120 կարդինալից ավելին իրավունք չունեն ընտրելու, բայց ընտրելու իրավունք ունեցող 135 կարդինալ ունեն: Ֆրանցիսկոս պապը սահմանված կարգը գերազանցեց: Ամեն ինչ կախված է կարդինալների որոշումից՝ կհավաքվեն, կորոշեն: Կամ 135-ն էլ կմասնակցի կամ էլ 120 ավագները կմասնակցեն, մնացած ամենակրտսեր 15-ը դուրս կմնան, իսկ Գուջերոտին այդ կրտսեր 15-ի մեջ է: Բայց էլի կարող է ընտրվել: Պարտադիր չէ, որ ներսից ընտրվեն, կարող են դրսից էլ մարդ ընտրել, պարզապես ասում եմ, որ կարող է ինքը նույնիսկ ընտրությանը չմասնակցել»,-եզրափակեց Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: