Հուդան․․․
Նախկին իշխանությունից ժառանգած ՀՀ գլխավոր դատախազ աշխատող Արթուր Դավթյանը, ով մեկ տարի առաջ ԱԺ էր մտել Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու միջնորդությամբ, այսօր դարձել է թունդ հեղափոխական ու անձնուրաց կատարում է Նիկոլ Փաշինյանի բոլոր պատվերները:
Դավթյանը մեր ժամանակների «Վիշինսկին» է՝ բոլշևիկյան դատախազ, ով մինչեւ վերջին խազը ծառայում էր հեղափոխականներին: Պատրաստ է «բռնել, մոռթել, խոշտանգել ու ոչնչացնել» բոլոր նրանց, ում անունը կտա մեծն շեֆը՝ Նիկոլ Փաշինյանը: Դավթյանը կարճ ասած՝ տեղի ունեցած «հեղափոխության» իրական հերոսն է, ինչպես կասեր դասականը՝ թե ուզում ես երգդ լսեն, ժամանակի շունչը դարձիր: Դավթյանն էլ դարձել է, քանզի Նիկոլ Փաշինյանի իշխանությունում անհոգ ապրելու եւ խնդիրներ չունենալու միակ պահանջը ստուկաչությունը, գործ տալն ու սարքելն է:
Մեր օրերի «Վիշինսկին» գերազանցությամբ անցավ Նիկոլ Փաշինյանի սահմանած փորձաշրջանը այն աստիճան, որ այսուհետ վերջինիս էլ մանեւրի տեղ չի թողնում: Նիկոլ Փաշինյանն էլ չի կարող դժգոհել, թե դատական համակարգը վատ է աշխատում, նախկինների դրածոներն են, ուստի այդ պատճառով էլ հեղափոխության արդյունքներն ուշանում են: Չի կարող ասել, թե նույն գլխավոր դատախազն իրեն սխալ ինֆորմացիա է տվել մարդաորս անելու գործընթացում, քանզի եթե կար դժգոհություն, առնվազն գեներալի աստղեր չէր իջեցնի իրավապահ համակարգի ղեկավարների, նրանց թվում՝ Արթուր Դավթյանի կրծքին:
փոխըմբռնումն այն աստիճան է կարծրացել, որ Նիկոլ Փաշինյանն անգամ չի էլ նկատում, որ լինելով դատախազության համակարգի պատասխանատու Արթուր Դավթյանը մեծ հաշվով որեւէ խոշոր բացահայտում չի արել, նրա անկարողությունն ամենուր է, անգամ Փաշինյանի համար կենաց-մահու հարց դարձած անգամ Մարտի 1-ի գործում :
Ի դեպ, Դավթյանն այն կարգի ստրուկ է, որ հեղափոխությունից հետո, երբ Փաշինյանը առաջարկել է շարունակել պաշտոնը, Արթուր Դավթյանը խորհրդակցել է Սերժ Սարգսյանի հետ ու միայն հավանություն ստանալուց հետո է տվել համաձայնությունը:
Եւ քանի որ ստրկությունը նաեւ հոգեբանություն է, մեր օրերի հերոսը շարունակում է ստրկաբար ծառայել նաեւ Փաշինյանին: Իրավապահ համակարգի պատասխանատուներից նա առաջամարտիկն է, ով տարբեր հավաքների ժամանակ պայծառ մտքեր է ունենում որեւէ անձի, նախկին պաշտոնյայի ձերբակալելու հետ կապված ու ուղիներն է անգամ մատնանշում, թե ում ինչպես կարող են ձերբակալել: Եթե նրա այս խորհրդատվության արդյունքն է նաեւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հետապնդումը՝ մեղադրանք առաջադրելն ու հետախուզում հայտարարելը, ապա այս իրավիճակն ինչպես ասում են «անաղուհաց քրդի շուն» է հիշեցնում: Ամեն դեպքում Դավթյանը, խոսելով իր նախկին վերադաս Գեւորգ Կոստանյանի գործի մասին, անամոթաբար խոստովանել է, թե ինքն անձամբ չի խոսել Կոստանյանի հետ, ինչն արդեն խոսուն փաստ է: Ի վերջո, Դավթյանին Կոստանյանն էր նշանակել իր՝ գլխավոր դատախազի տեղակալ, ապա երաշխավորել նրա թեկնածությունը ներկայիս պաշտոնում: